Եկե՛ք միասին աջակցենք Շիրակի մարզի 2 հեռավոր գյուղերի երեխաներին՝ ուրախ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Կարիքի նկարագրություն
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի եվ շահառու Լանջիկ եվ Թորոսգյուղ համայնքների կամավորների նախաձեռնությամբ մշակվել է ծրագիր, որը նպատակ ունի ձեռք բերել Ձմեռ պապի, Ձյունանուշի, ինչպես նաեվ երեխաների սիրելի մուլտֆիլմի հերոսների հագուստներ՝ որոնք ունենալու դեպքում համայնքի երիտասարդներից կազմված կամավորական խմբերը կկարողանան իրականացնել Ամանորյա գեղեցիկ միջոցառումը եվ հիշարժան դարձնել նշված գյուղերի ավելի քան 350 երեխաների տոնը:
Նախորդ մի քանի տարիներին Համայնքային կենտրոնների կամավորներն իրենց ուժերով կազմակերպել են փոքրիկ միջոցառումներ, այցելություններ տներ, շնորհավորել երեխաներին: Սակայն Ձմեռ պապի հագուստը փոխարինվել է «կանացի խալաթով», իսկ սիրված մուլտֆիլմի հերոսներն այդպես էլ նրանց ողջունել են միայն հեռուստացույցների էկրաններից:
Գյուղաբնակ երեխաները Հայաստանում զրկված են գրեթե բոլոր տեսակի ուրախ ժամանցների մասնակցելու հնարավորությունից: Ծնողներից շատ քչերն է, որ կարողանում են նույնիսկ տարեկան մեկ անգամ իրենց երեխային տանել մոտակա քաղաք կամ մայրաքաղաք տիկնիկային ներկայացումներ դիտելու, զբոսայգի, ատրակցիոններ կամ մանկական սրճարաններ: Այս ամենը գյուղի երեխաների գերակշող մեծամասնության համար անհասանելի երազանքի է նման:
Շուտով Ամանորն է՝ ձմեռային հեքիաթային հրաշքների գիշերը: Աշխարհի շատ անկյուններում մեծահասակներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաների մոտ միայն գեղեցիկ ու անմոռանալի հիշողություններ մնան ամանորյա տոներից: Այս երեխաներին իրենց միապաղաղ ու մռայլ առօրյայից կտրելու եվ այդ օրը նրանց ժպիտներ պարգեվելու համար շատ քիչ բան է հարկավոր: Երեխաների երազանքն է Ամանորին իրենց համայնքներում տեսնել «իրական» Ձմեռ պապիկին ու իրենց սիրած մուլտհերոսներին։
Ծրագրի կայունությունը
Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստները ունենալու դեպքում համայնքային կենտրոնը իր կամավորների միջոցով կկազմակերպվի Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոն գյուղի ավելի քան 350 երեխաների և դեռահասների համար: Երեխաների սիրելի մանկական մուլտ հերոսների և ծաղրածուի հագուստ ունենալու դեպքում համայնքի երիտասարդներից կազմված երիտասարդական խմբերը հետագայում կկարողանան իրականացնել նաև երեխաների առօրյան, մանկական տոները, միջոցառումները, առանձին երեխաների ծննդյան տոները հիշարժան ու հետաքրքիր դարձնելու իրենց պլանավորած ծրագիրը:
Ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով նախատեսվում է հետագայում հեքիաթների հերոսների հագուստը օգտագործել հարևան համայնքներում նմանատիպ միջոցառումների մասնակցելու համար: Այդ մասնակցությունը կլինի վճարովի հիմունքներով։ Ծրագրի կայունությունը ապահովելու նպատակով նախատեսվում է նշված համայնքներում ստեղծել հիմնադրամներ, որոնց միջոցները կգոյանան այդ ելույթների հասույթից: Ստացված եկամուտը կներդրվի համայնքային այլ ծրագրերի իրականացմանը (օրինակ՝ խաղահրապարակի կառուցում):
Ծրագրի համար անհրաժեշտ գումարը յուրաքանչյուր գյուղի համար՝
250$ – Ձմեռ պապի և Ձյունանուշի զգեստներ
70$ – 1 ծաղրածուի զգեստ և աքսեսուարներ
480$- 2 մուլտ հերոսների ամբողջական կոստյումներ
Ընդամենը՝ 800$
Մենք նույնպես հավատում ենք ամանորյա հրաշքներին եվ համոզված ենք, որ միասին կկարողանանք հավաքել պահանջվող 1600 ԱՄՆ դոլլար գումարը եվ գունավորել Լանջիկի ու Թորոսգյուղի փոքրիկների այս եվ գալիք տարիների ծննդյան տոները:
Թորոսգյուղ եվ Լանջիկ համայնքների այս փոքրիկներին աջակցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ
Շնորհակալություն եվ հաճելի Ծննդյան տոներ բոլորին