Դասընթաց “Համայնքի անցյալը, ներկան և ապագան” թեմայով

«Համայնքի անցյալը, ներկան և ապագան» թեմայով դասընթացներ անցկացվեցին Աշոցք միավորված համայնքի Կրասար, Կարմրավան և Սարագյուղ շահառու նոր համայնքներում։ Դասընթացը նպատակ ուներ ներգրավել բնակչությանը տեղի հիմնախնդիրների բացահայման գործընթացներում՝ օգտագործելով համայնքի ներկա իրավիճակի վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումները, անցյալի մասին ունեցած տեղեկատվությունը և ապագայի տեսլականը։
Հանդիպումներին մասնակցում էին վարչական ղեկավարները, դպրոցների ուսուցիչներ, ֆորում թատրոն խմբակների անդամներ, համայնքների բնակիչներ։
Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքների անցյալը, ունեցած հարուստ պատմությունը, գեղեցիկ սովորույթներն ու ավանդույթները, որոնք համախմբում ու մեկ ընտանիք էին դարձնում երբեմնի մարդաշատ համայնքները։
Մասնակիցների մյուս խումբը պատկերեց գյուղի ներկան՝ իր լավ ու վատ կողմերով, առկա հիմնախնդիրներով ու թե ինչ գործոններ են խանգարում համայնքների զարգացմանն ու բարելավմանը։
Համայնքի ապագան պատկերող խմբային աշխատանքներում ընդգրկվեցին հիմնականում ավելի երիտասարդ մասնակիցներ, ովքեր արժևորելով ու գնահատելով հինը, մոռացված գեղեցիկ սովորույթներն ու քաղած դասերը, ներկայացրեցին, թե ինչպես են պատկերացնում իրենց երազած համայնքներն ապագայում ու ինչ կարող են անել դրան հասնելու համար։

Լուսանկարներ