Համայնքային ընդհանուր ժողովներ անցկացվեցին Արթիկ միավորված համայնքի Տուֆաշեն, Վարդաքար ու Նահապետավան բնակավայրերում։ Հանդիպումներին մասնակցում էին վարչական ղեկավարները, համայնքի ակտիվ անդամները, երիտասարդներ ու դպրոցականներ։
Հանդիպման ընթացքում ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու համայնքային ծրագրերի համադասող Արմինե Շիրոյանը մասնակիցներին ներկայացրեցին «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» եռամյա ծրագրի նպատակը, անելիքներն ու ակնկալվող արդյունքները։
Հանդիպումները բազմամարդ էին, կազմակերպության հետ համագործակցության ու համայնքներում դրական փոփոխություններ բերելու ցանկությունը՝ մեծ։
Հանդիպումներին ներկա էր նաև Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի պատասխանատու Մանե Վարդանյանը, ով նաև ԿՀԶ ՀԿ ընթացիկ ծրագրով Արթիկ միավորված համայնքի տեղական համակարգողն է։ Վերջինս հավաքվածներին ներկայացրեց իրենց բնակավայրում իրականացված ծրագրերը, խոսեց կամավորական աշխատանքի, հաջողված փորձի ու ձեռքբերված արդյունքների մասին։
Վարչական ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպության շահառու համայնքների թվում ընդգրկվելու համար և պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերի սահմաններում աջակցել իրականացվող ծրագրերին։