«Ամենաինքնատիպ տոնածառ» մրցույթի արդյունքների ամփոփում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 16-ից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ երիտասարդական կենտրոններն ու կից գործող խմբակները վերսկսել են իրենց կանոնավոր գործունեությունը։ Աշխատանքների ընթացքին ծանոթնալու, առաջիկա պլանները քննարկելու, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների մեր նոր պատասխանատուի հետ ծանոթացնելու նպատակով ԿՀԶ ՀԿ աշխատանքային թիմը եղավ շահառու բոլոր կենտրոններում։ Երիտասարդները լի էին հետաքրքիր գաղափարներով ու աշխատանքները շարունակելու եռանդով։
Այցի նպատակներից մեկն էր նաև երիտասարդներին հանձնել դեռևս դեկտեմբեր ամսին ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարած «Ամենաինքնատիպ տոնածառ» մրցույթի խրախուսական նվերներն ու պատվոգրերը։
Մրցույթին մասնակցել էին մեր բոլոր երիտասարդական 8 կենտրոնները և բոլորն էլ հանդես էին եկել հետաքրքիր գաղափարներով։ Բոլորի պատրաստած տոնածառերն էլ գեղեցիկ ու ինքնատիպ էին յուրովի։ Երկար քննարկումներից հետո, հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչվեց Մուսայելյան համայնքի երիտասարդների տոնածառը՝ պատրաստված իրենց իսկ ձեռքով հավաքած ու չորացրած դեղաբույսերից։

Հաղթող թիմին որպես մրցանակ հանձնվեց բարձրախոս, իսկ մյուս բոլոր խմբերը պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում և ստացան խրախուսական մրցանակներ ու պատվոգրեր։
Գոգհովիտի անգլերեն լեզվի խմբակի գործունեությունը համակարգելու, բարեխիղճ աշխատանքի և ուսուցման գործընթացում ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար ԿՀԶ ՀԿ կողմից շնորհակալագրի և խրախուսական փոքրիկ նվերի արժանացավ նաև Թորոսգյուղի երիտասարդական խմբի անդամ Ջուլիետա Պետրոսյանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր կենտրոնների երիտասարդներին՝ ակտիվ մասնակցության և հետաքրքիր գաղափարների համար։

Լուսանկարներ