Ուսումնաճանաչողական այց «Մաչանենց տուն»

Եվս մեկ տպավորիչ ու հիշարժան օր կազմակերպվեց «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» ծրագրի մասնակիցների համար։

Ուսումնաճանաչողական այցի շրջանակներում երիտասարդներն այս անգամ այցելեցին 2010 թվականից որպես սոցիալական ձեռնարկատիրություն գրանցված «Մաչանենց տուրիզմ և արտ» կենտրոն, որը կարողանում է գրավել ցանկացած տարիքի ու նախասիրության այցելուների։ Ազգային խոհանոց, թանգարան, պատկերասրահ, արվեստի տարբեր ճյուղերի խմբակներ, վարպետաց դասեր, գինետուն թանգարան, հյուրատուն․․․ ու էլի շատ ինքնատիպ ծառայություններ մեկտեղվել են այս գողտրիկ վայրում։ Երիտասարդները շրջեցին կենտրոնում, ծանոթացան վերջինիս հիմնադրման պատմությանը, այստեղ գործող խմբակներին,  ազգային հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնող թանգարաններին ու պատկերասրահներին, օպտիկական հայելիներից պատրաստված նորարարական խոհանոցին, ինչպես նաև համտեսեցին տեղում պատրաստված համեղ կերակրատեսակներ։

Հայ մշակույթի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ավանդի և նորարարական-ստեղծագործական յուրօրինակ մոտեցումների համար  2021թ․ մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ընկերությանը շնորհվել է Մաչանենց մշակութային բերդաքաղաք տիտղոսը։

Այնուհետև երիտասարդներին սպասվում էր շատ հետաքրքիր հանդիպում արվեստագետ, գործարար, «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ և Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ։ «Երազանքից իրականություն» այսպես կարելի է կոչել այն ուսուցողական զրույցը, որն երիտասարդներն ունեցան Գրիգոր Մաչանենցի հետ։ Նա ներկաների հետ կիսվեց իր հարուստ կենսափորձով, կյանքից քաղած դասերով, պատմեց, թե ինչպես 35 տարի առաջ, լինելով ընդամնեը 17 տարեկան, սկսեց վաստակել իր առաջին գումարը և թե ինչպես կոտրելով կարծրատիպերը գնաց իր երազանքի հետևից։ Խոսեց, թե ինչպես կարելի է հասարակ քարը, մեզ շրջապատող առարկաները ներկայացնել հետաքրքիր լույսի ներքո՝ հաղորդելով դրանց նոր շունչ ու հոգի՝ իր խոսքում անընդհատ շեշտելով բոլոր մարզերի ու համայնքների համաչափ զարգացման ու երիտասարդների ներուժը սեփական համայնքներում օգտագործելու կարևորությունը։

Գրիգոր Մաչանենցի հետ զրույց-դասախոսությունն համեմված էր գործնական խորհուրդներով ու մեջբերումներով իր հեղինակային՝ «Մարքեթինգ առանց կանոնների» գրքից։

Հանդիպման ավարտին պարոն Գրիգորը երիտասարդական կենտրոններին նվիրեց «Մտքիս կծիկը» բանաստեղծությունների և գեղանկարների իր ժողովածուն։

Հիշարժան օրն ամփոփվեց Մայր Աթոռ սբ․ Էջմիածնի տաճար այցելությամբ։

Օրվա լուսանկարներն այստեղ