«Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» ծրագրի մասնակիցների հետ մեր հաջորդ կանգառը Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանն էր։
2017թ-ին «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որը նպատակ ունի աշխուժացնել մշակութային կյանքը Սևան քաղաքում, կապ ստեղծել երիտասարդ արվեստագետների միջև, բացահայտել ստեղծագործ անհատներին՝ դառնալով բոլորին միավորող ինքնատիպ հարթակ։
«Բոհեմ» արվեստանոց-թեյարանի հիմնադիր, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը մեծ սիրով ներկայացրեց, թե ինչպես են մտահղացել ստեղծել նմանատիպ հարթակ և ինչպես մի քանի նվիրյալներով կամավոր աշխատել են հանուն իրենց գաղափարի, որն այսօր իրականություն է և իր հաստատուն տեղն է գրավել Սևանի մշակութային կյանքում։ Գոհարը խոսեց նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած դժվարությունների ու դրանց հաղթահարման ուղիների մասին, անդրադարձավ գրագետ դրամահավաքների կարևորությանը՝ շեշտը դնելով համայնքներում սոցիալական ազդեցության փոփոխության վրա։
««Բոհեմ» սոցիալական ձեռնարկության շնորհիվ մենք ոչ միայն լուծել ենք զբաղվածության, այլ նաև մշակութային ռազմավարության խնդիր, ինչը նույնպես շատ կարևոր է համայնքների զարգացման համար։ Արվեստանոց-թեյարանը համերգների, մշակութային միջոցառումների կազմակերպման յուրօրինակ վայր հանդիսանալուց զատ հնարավորություն է տալիս ստեղծագործ անհատներին սեփական աշխատանքները վաճառքի ներկայացնել, իսկ որ ամենակարևորն է՝ մեր շահույթի 50 տոկոսն ուղղում ենք համայնքում մշակութային ծրագրերի իրականացմանը, որոնցից հիշարժանը ամենամյա դարձած «Սևան» երաժշտական փառատոնն է»,- նշեց Գ․ Մնացականյանը։
Վերջինս անչափ կարևորեց շահառու համայնքներում կահավորված և տեխնիկապես հագեցած երիտասարդական կենտրոնների առկայությունը, ինչն արդեն իսկ մեծ խթան է երիտասարդների հետաքրքիր ու նորարար գաղափարները կյանքի կոչելու համար։ Մնում է միայն համախմբվել համայնքի կարիքներից բխող որևէ գաղափարի շուրջ և ամեն ինչ անել, որպեսզի երիտասարդները չլքեն իրենց բնակավայրերն ու իրենց ներուժը իրացնեն ի շահ սեփական համայնքների զարգացման։