Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից գտնվում է 11կմ հարավ, մարզկենտրոնից` 24կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թաքնալի, Թաքնալու, Թեքնելի անվանումները: Գոգհովիտ է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղը տեղադրված է կանաչապատ սարավանդում` ծովի մակարդակից 1840մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ: ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտ բնակավայրը 2016 թվականի համայնքների խոշորացումից հետո ներառվել է Սարապատ միավորված համայնքի կազմի մեջ։ Բնակչության ընդհանուր թիվը 420 է։ Մարդիկ հիմնականում զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։ Կանայք և տղամարդիկ կազմում են համապատասխանաբար 52% և 48%: Երիտասարդների թիվը 70 է։ Համայնքն ունի 72 տնտեսություն, միջնակարգ դպրոց, նախակրթարան, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, հանդիսությունների սրահ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի
վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի
իրացումը, գազաֆիկացումը:
Ունի ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել է հին շենքի տեղում։
Երիտասարդական ակտիվ խումբ
Գոգհովիտի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2020թ. ապրիլ ամսին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում խումբը բաղկացած է եղել 14-25 տարեկան թվով 7 երիտասարդից, իսկ այսօր արդեն խմբի անդամների թիվը հասել է 24-ի։ Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Հրանուշ Վասիլյանն է, ով կարողացել է իր շուրջը հավաքել ոչ միայն պատանիներին և երիտասարդներին, այլև համայնքի բնակիչներին։
Գոգհովիտի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան
Ձեզ ենք ներկայացնում Գոգհովիտի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։