2017թ. ապրիլ ամսին ԿՀԶ ՀԿ մշակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» մեթոդական ձեռնարկով 5-ական փորձնական դասեր են անցկացվել Վրաստանի Բոլնիսիի քաղաքապետարանի մասնագետների եւ քաղաքի մասնավոր դպրոցներից մեկի աշակերտների համար: Դասընթացները վարել է ԿՀԶ ՀԿ գործընկեր «Բոլնիսի լեզվի տուն» կազմակերպության նախագահ Իրմա Զուրաբաշվիլին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ի. Զուրաբաշվիլին, դասընթացներն անցկացվել են արտադասարանական պարապմունքների ֆորմատով, որոնց մասնակցել են դպրոցի հիմնականում 8-12-րդ դասարանի ավելի քան 13 աշակերտներ: Հատկանշական է, որ դասընթացների մասնակիցներն եղել են դպրոցում սովորող ազգությամբ վրաց, հայ եւ ադրբեջանցի աշակերտները: Բոլոր պարապմունքներին ներկա է գտնվել նաեւ դպրոցի Հասարակագիտություն առարկայի ուսուցչուհին՝ ելնելով թեմայի նկատմամբ հետաքրքրությունից:
Բոլնիսիի քաղաքապետարանի աշխատակիցների համար նախատեսված սեմինարներն անցկացվել են շենքում գործող «Կանանց սենյակում», որին մասնակցել են կրթական ոլորտի աշխատանքներում ներգրավված 13 կանայք՝ մեծ մասը գլխավոր մասնագետներ:
Ի. Զուրաբաշվիլիի խոսքերով, դասընթացի բոլոր թեմաները մեծ հետաքրքրություն եւ ակտիվություն են առաջացրել կողմերի համար, սակայն նա առանձնացրեց հատկապես «Կոնֆլիկտների առաջացման պատճառները» թեման, որի ժամանակ աշակերտները բերել են բազմաթիվ օրինակներ, երբ իրենց հասակակիցների միջեւ առաջացել են կոնֆլիկտներ՝ սոցիալական անհավասար պայմանների եւ կրոնական տարբերությունների պատճառով: Երկու խմբերի մասնակիցների համար հետաքրքիր են եղել նաեւ մեթոդական ձեռնարկում նշված խաղերը, խմբային աշխատանքներն ու հայկական հեքիաթներից բերված օրինակները, որոնց շուրջ ծավալվել են բուռն քննարկումներ եւ մասնակիցները, փոխելով հեքիաթների վերջաբաններն՝ առաջարկել են տվյալ կոնֆլիկտների խաղաղ լուծման իրենց տարբերակները: Ի. Զուրաբաշվիլիի խոսքերով, դասընթացի մասնակիցները կարեւորել են այս դասընթացների անցկացումը դպրոցներում եւ առաջարկել շարունակական դարձնել այն:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1513984228676009.1073741935.158335984240847&type=1″]