Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ շահառու 8 բնակավայրերում գործող Ֆորում թատրոն խմբակների տարեկան ամփոփիչ համաժողովը։
ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի համակարգող Սուսաննա Ղազարյանը հրավիրվածներին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց 2015թ-ից առ այսօր Ֆորում թատրոնների գործունեության, ներկայացումների քանակի, սցենարների ընտրության, հանդիսատեսի արձագանքի, ձեռք բերված հաջողությունների ու դժվարությունների մասին։ Այնուհետև իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրեցին շահառու համայնքների ֆորում թատրոն խմբակների ղեկավարները՝ հիմնական շեշտը դնելով այն փոփոխությունների ու արդյունքների վրա, որոնք ձեռք են բերել խմբակների գործունեության շնորհիվ։
Խմբակների ղեկավարների խոսքերով, ֆորում թատրոնները նպաստել են աշակերտների անձնական աճին, ստեղծագործական և քննադատական մտածողության ձևավորմանը, միմյանց լսելու և հասկանալու, ազատ ու անկաշկանդ արտահայտվելու կարողությանը։ Երեխաները դարձել են ավելի զգայուն, կարեկից ու հանդուրժող միմյանց նկատմամբ, բարձրացել է համախմբվածությունն ու ցանկացած իրավիճակից ելքեր գտնելու ունակությունը։ Ըստ ուսուցիչների, մեծ է նաև ֆորում թատրոնների թողած դրական ազդեցությունը համայնքների բնակիչների վրա, ովքեր բեմականացումներից հետո փոխել են իրենց կարծիքը այս կամ այն խնդրի վերաբերյալ, ինչպես նաև դարձել են ավելի սրտացավ համայնքի խնդիրների հանդեպ։ «Ֆորում թատրոնների հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ բոլորին հուզող խնդիրը ներկայացվում է բեմականացումների միջոցով, բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնց մասին շատ ժամանակ դժվարանում են խոսել և այս ամենն ավելի ավելի տպավորիչ է ներկաների համար, ովքեր համոզված եմ երբեք էլ նույն սխալը չեն կրկնի»,- նշոց Լանջիկի ֆորում թատրոնի խմբավար Գոհար Հայրապետյանը։
Հանդիպմանը ներկա դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները ևս կարևորեցին խմբակների գործունեությունն իրենց համայնքներում։ Ինչպես նշեց Ցողամարգի դպրոցի փոխտնօրեն Գոհար Մանուկյանը, Ֆորում թատրոն խմբակի արդյունքում իրենք հնարավորություն ունեցան ուրիշ կողմից բացահայտելու աշակերտներին, տեսնելու երեխաների այլ ունակություններ ու գնահատելու վերջիններիս մտածելակերպը, որոնք շատ ժամանակ աննկատ են մնում սովորական դասապրոցեսի ընթացքում։
Գոգհովիտի խմբավար Մարգարիտ Թադևոսյանի խոսքերով, ֆորում թատրոնն իր դրական ազդեցությունն է ունեցել ոչ միայն աշակերտների, այլ նաև իր՝ որպես հոգեբանի մասնագիտական աճի վրա։
Հանդիպումն ամփոփեց ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, ով շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին և խմբավարներին՝ կազմակերպության հետ շարունակական համագործակցության, ֆորում թատրոն խմբակների արդյունավետ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։
«Ելնելով վերը նշված բոլոր կարծիքներից ու գնահատականներից, վստահորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել դրական փոփոխություններ խմբակների անդամների մոտ, որ ներկայացումների մասնակիցներն իսկապես սկսել են այլ կերպ մտածել, սովորել են լսել իրար, խոսել խնդրի մասին ու միասին լուծումներ գտնել։ Հասել ենք նրան, որ հանդիսատեսը կարող է անկաշկանդ բեմ բարձրանալ, երեխաների հետ դառնալ դերասան և իր սեփական տեսակետն արտահայտել, ինչը սկզբում բավականին դժվար էր բոլորիս համար։ Այսինքն հանձինս ֆորում թատրոն խմբակների մենք ունենք հրաշալի մի գործիք, որը կարելի է և պետք է ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնել դպրոցներում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի ֆորում թատրոն խմբակները դառնան դպրոցի «սեփականությունը», որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն, մանկավարժական խորհուրդ որոշում կայացնի ֆորում թատրոն խմբակները դարձնել արտաժամյա պարապմունքի տեսակ, կամ խմբակ, որի օրինակն արդեն ունենք Լանջիկի դպրոցում»,- խոսքը եզրափակեց Գոհար Մարկոսյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Ցողամարգի ֆորում թատրոն խմբակի անդամները, ովքեր հանդես եկան նոր ու հետաքրքիր ներկայացումով։