Ապրիլի 23-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու ծրագրի համադասող Սուսաննա Ղազարյանը հանդիպում ունեցան Քութաիսիի «Սուխումի» մշակութային-մարդասիրական հիմնադրամի նախագահ Ալլա Գամախարիայի, ծրագրի մասնագետ Լեյլա Շենգելիայի, ինչպես նաև Քութաիսի քաղաքի թիվ 6 դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ:
Հանդիպման նպատակն էր գնահատել Խաղաղաշինական Տարածաշրջանային Հարթակի (Peacebuilders’ Regional Platform/PBRP) շրջանակներում «Սուխումի» հիմնադրամի կողմից իրականացված ԿՀԶ ՀԿ փորձի տեղայնացմանն ուղղված ծրագրի արդյունքները, խոսել իրականացված ծրագրի շարունակականության և կայունությանն ուղղված քայլերի և հետագա համագործակցության մասին:
Ալլա Գամախարիան մանրամասն տեղեկատվություն տվեց կազմակերպության բազմաբովանդակ գործունեության, ծրագրի իրականացման ընթացքի, դպրոցում ստեղծված «Խաղաղության ակումբի» աշխատանքների ու ստացված արդյունքների մասին։
Լեյլա Շենգելիան բարձր գնահատեց Կոնֆլիկտների կառավարման բնագավառում ԿՀԶ ՀԿ ունեցած մեծ փորձը, ինչն օգնել է իրենց առանց դժվարությունների աշխատել դպրոցում:
Հանդիպումն այնուհետև շարունակվեց Քութաիսիի թիվ 6 դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ, ովքեր նույնպես կարևորեցին ծրագիրը, գնահատեցին դասընթացների թողած ազդեցությունը աշակերտների վրա, իսկ վերջիններս էլ մեծ ոգևորությամբ պատմեցին կոնֆլիկտների խաղաղ լուծման կոնկրետ օրինակներ։