Երևանում կայացավ Բերքի 5-րդ փառատոնը

Նոր ծանոթություններ, նոր գործընկերներ, անչափ հետաքրքիր, հագեցած ու գունեղ օր Բերքի 5-րդ փառատոնին։
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ Գյուղնախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ մայրաքաղաքում անցկացվում է Գյուղական կյանքի ու ավանդույթների փառատոնը, որը տարեցտարի ավելի ու ավելի է մեծացնում հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ և ավելի մեծ թվով մարդկանց ներգրավում։ Եթե սկզբում փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել ընդամնեը 50 մասնակիցներ, ապա այս տարի արդեն փառատոնին էին միացել ավելի քան 200 ֆերմերական խմբեր, կազմակերպություններ, ագրոբիզնեսի մասնագետներ ու անհատ ձեռներեցներ՝ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից, այնպես էլ Լիբանանից, Իրանից ու Վրաստանից։

Փառատոնը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին անմիջականորեն հանդիպել սպառողի հետ, ձեռք բերել կայուն շուկաներ, հաստատել մարկետինգային նոր կապեր, ինչպես նաև փորձի փոխանակման արդյունքում բարձրացնել արտադրանքի որակը։

Այս տարի առաջին անգամ ԿՀԶ ՀԿ-ն իր մասնակցությունն ունեցավ Բերքի փառատոնին՝ հնարավորություն ունենալով ոչ միայն ներկայացնել Շիրակի մարզի գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ կազմակերպության ունեցած մեծ փորձը, այլ նաև ձեռք բերել նոր գործընկերներ ու համագործակցության եզրեր, որոնք կնպաստեն շահառու համայնքերում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաև խթան կհանդիսանան շատերի համար՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու համար։