Ծրագրի շնորհանդես-միջոցառում Մեղրաշատ համայնքում

Մայիսի 30-ին Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքում տեղի ունեցավ դպրոցի վերանորոգված և մասնակի կահավորված դահլիճի բացումը։ Դահլիճի վերանորոգումն ու կահավորումը երկար տարիներ համայնքի առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն էր, քանզի չունենալով մեկ այլ տարածք, համայնքում կազմակերպվող բոլոր մեծամասշտաբ միջոցառումները, ժողովներն ու ՏԻՄ ընտրություններն անցկացվում են այստեղ։ Սակայն դահլիճը չուներ բեմ և անհրաժեշտ գույք՝ միջոցառումներն առավել պատշաճ մակարդակի կազմակերպելու համար։

Մեղրաշատի համայնային ակտիվ խմբի կողմից ԿՀԶ ՀԿ հայտարարած փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին ներկայացված ծրագիրն հավանության արժանացավ, որի արդյունքում համայնքի դպրոցն այսօր ունի վերանորոգված, 4×8 չափերով պատրաստված նոր բեմահարթակ և 30 աթոռներ։ Ծրագրի իրականացման գործում իր ներդրումն է բերել նաև Մեղրաշատի համայնքապետարանը, իսկ վերանորոգման և բեմի պատրաստման աշխատանքներն իրականացվել են համայնքի անդամների կողմից կամավոր հիմունքներով։

Դահլիճի բացման պատիվը վերապահվեց դպրոցականներին, ովքեր հանդես եկան գեղեցիկ միջոցառումով՝ նվիրված ՀՀ Առաջին հանրապետության և մասյիսյան հերոսամարտերի 100-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, համայնքի անդամներ։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1979229225484838.1073742041.158335984240847&type=1″]