Շիրակի պետական համալսարանի ռեկտորի և դասախոսների հրավերքով համալսարանում էին գտնվում «Զինված Կոնֆլիկտների Կանխարգելման Գլոբալ Նախաձեռնություն» (GPPAC) կազմակերպության անդամներ Կեսիա Օնամ Բիրչը՝ Գանայից, Կառլոս Խոսե Գոնսալեսը՝ Կոլումբիայից և Ահմեդ Բաքիր Բուքլին՝ Իրաքից։ Վերջիններս Գյումրի էին ժամանել մասնակցելու «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից կազմակերպած «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային 2-րդ գիտաժողովին։
Համալսարանում տեղի ունեցած հանդիպումը նպատակ ուներ ուսանողներին և դասախոսներին ներկայացնել «Խաղաղության և կոնֆլիկտների կառավարման կրթության» բնագավառում տարբեր երկրների ունեցած փորձը, քաղված դասերն ու հաջողված պատմությունները։ Հանդիպմանը ներկա էին հիմնականում հոգեբանության բաժնի ուսանողներ ու դասախոսներ, դպրոցներում աշխատող հոգեբաններ, սոց․աշխատողներ, զինվորական հոգեբանության մագիստրոսներ։
Ահմեդ Բուքլին հավաքվածներին ներկայացրեց զինված հակամարտությունների ու բնական աղետների պատճառով հասարակության տարբեր շերտերի մոտ հոգեբանական տրավմաների առաջացման ու դրանց հաղթահարման մասին։
Շարունակելով թեման, Կեսիա Օնամ Բիրչը ուսանողներին ներկայացրեց Աստավածաշնչից Իսահակի օրհնության պատմությունը, նրանց միջև առաջացած տարաձայնությունը՝ ամբողջ պատմության մեջ կարևորելով միջնորդության ու բանակցության դերը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործում;
Հյուրերը հանդիպեցին նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին ու պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, ովքեր առաջարկեցին ԿՀԶ ՀԿ միջոցով համագործակցել նաև GPPAC համացանցի անդամ երկրների ներկայացուցիչների հետ, փոխանակվել տարբեր երկրների ունեցած փորձով ու քաղած դասերով՝ «Կոնֆլիկտների կառավարման կրթությունը» համալսարանում ոչ ֆորմալ եղանակով ներդնելու նպատակով։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1721416581266105.1073741935.158335984240847&type=1″]