Խաղաղության կրթությունը Երևանի թիվ 177 դպրոցում

Փետրվարի 17-ին Երևանի Գ. Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոցի տնօրինության հրավերով ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներն ու ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Մելանյա Դավթյանը մասնակցեցին դպրոցի 4-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում «Կոնֆլիկտների կառավարման կրություն» թեմայով կազմակերպված բաց դասերին: Բոլոր դասարաններում անցկացված դասերն անչափ հետաքրքիր էին և հագեցած: Ակնհայտ էր, որ դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենը, հոգեբանը, կազմակերպիչը մեծ աշխատանք են իրականացրել կոնֆլիկտների կառավարման կրթությունը դպրոցում ներդնելու ուղղությամբ: Հատկապես մեծ գնահատականի է արժանի այն փաստը, որ վերոհիշյալ կրթությունը կարևորվել է տարիքային բոլոր խմբերի համար՝ ներառյալ տարրական դասարանները: Այս դպրոցում է, որ առաջին անգամ մեր պրակտիկայի ընթացքում մանկավարժական հանրույթի նախաձեռնությամբ 2016-2017 ուս. տարին հայտարարվել է ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՏԱՐԻ, փորձեր են արվում խաղաղության կրթության մեջ ներգրավել ոչ միայն աշակերտներին, այլև ծնողներին: Դպրոցի միջանցքներում ու տեսանելի վայրերում փակցված են խաղաղության ու հայրենասիրության մասին աֆորիզմներ ու թևավոր խոսքեր: Խաղաղության մշակույթի տարածումն իրականացվում է ոչ միայն դասղեկական ժամերի միջոցով, այլև խաղաղությանը նվիրված ցերեկույթների, նկարների, ձեռքի աշխատանքների միջոցով, որի ականատեսը եղանք՝ մասնակցելով խաղաղությանը նվիրված համադպրոցական միջոցառմանը: Միջոցառումն անչափ տպավորիչ էր: Այն ամբողջությամբ նվիրված էր սիրո, խաղաղության ու հայրենասիրության համամարդկային արժեքների դաստիարակությանը մատաղ սերնդի մոտ: Ընտրված երգերը, գրական ստեղծագործությունները, ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուզիչ ելույթները գալիս էին մեկ անգամ ևս արժևորելու խաղաղության ու խաղաղ պայմաններում ապրելու անհրաժեշտությունը. «Բոլոր հաղթանակները տրվում են մեծ դժվարությամբ ու բազմաթիվ զոհերի գնով: Եթե մի տեղ հաղթանակ է տոնվում, ուրեմն մեկ այլ տեղ սուգ է: Մենք ասում ենք՝ ո՛չ պատերազմին»,-այսպիսին էր երեխաների կոչը հավաքվածներին ու ողջ մարդկությանը: Միջոցառման ավարտին դպրոցում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում ուսուցիչների և հյուրերի մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին խաղաղության կրթության դասավանդման անհրաժեշտության, «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ձեռնարկի արդյունավետության, դասավանդման մեթոդիկային վերաբերող հարցեր, եղան նաև տարբեր առաջարկներ ու կարծիքների փոխանակում:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1356777014396732.1073741935.158335984240847&type=1″]