Թորոսգյուղում զարգանում է ջերմատնային տնտեսությունը

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ ֆինանսավորմամբ Թորոսգյուղում իրականացվող «Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի շրջանակներում անցկացված հերթական մոնիտորինգի արդյունքներն առավել քան գոհացուցիչ են։
Ջերմատուն մուտք գործելուն պես անմիջապես աչքի են զարնում պոմիդորի, վարունգի և պղպեղի խնամքով մշակված մարգերը։ Մյասնիկ Հակոբյանն ու ֆերմերային խմբի անդամները սեփական երեխայի պես են վերաբերվում յուրաքանչյուր սածիլի և ուրախանում՝ տեսնելով դրանց օրեցօր մեծանալը։
Թորոսգյուղի դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանը, շրջելով ջերմատան տարածքում, հպարտությամբ մեզ է ներկայացնում կատարված վերջին աշխատանքները․
Այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել են ջերմոցի ներքին ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքները, տեղադրվել է կաթիլային ոռոգման համակարգը, կառուցվել է մոտ 3 քառ․ մետր ընդհանուր մակերեսով բիոհումուսի արտադրության մինի ֆերմա՝ նախատեսված կալիֆորնիական որդերի աճեցման ու բազմացման համար։
Ֆերմերային խմբի նախաձեռնությամբ և սեփական միջոցներով ջերմատանը կից կառուցվում է նաև «Թորոս» Սպառողական կոոպերատիվի գրասենյակը։
Աշխատանքներին զուգահեռ ֆերմերային խմբի անդամների համար ծրագրի փորձագետ, խորհրդատու Գևորգ Պետրոսյանի կողմից այստեղ անցկացվում են դասընթացներ և ուսումնագործնական պարապմունքներ՝ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների գործնական կիրառության, ջերմոցային տնտեսության վարման առանձնահատկությունների, բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների մշակման ու պահպանության վերաբերյալ։
Շատ շուտով համայնքի անդամները կվայելեն իրենց աշխատանքի առաջին պտուղները։
Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝  https://wfd.am/?p=4125&lang=hy

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1135876413153461.1073741971.158335984240847&type=3″]