Լանջիկ համայնքը նույնպես կունենա կինոակումբ

Համայնքային կենտրոնների պատասխանատուների հետ եռամսյակային հանդիպումները ոչ միայն հաշվետվություններն ու կատարած աշխատանքները ներկայացնելու առիթ են, այլ նաև հնարավորություն՝ միմյանց հետ նոր ծրագրեր ու հետաքրքիր գաղափարներ փոխանակելու:

Թորոսգյուղի երիտասարդների համար առաջարկված ժամանցի կազմակերպմանն ու գյուղում կինոակումբ ստեղծելու գաղափարը գրավեց նաև Լանջիկի համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանին, ով ելնելով համայնքի կարիքներից, նախաձեռնող խմբի հետ միասին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից տրվող դրամաշնորհային փոքր ծրագրերի երրորդ փուլին ներկայացրեց Լանջիկում  կինոակումբ հիմնելու ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել Լանջիկ համայնքի մշակութային կյանքի զարգացմանը և ապահովել գյուղի երիտասարդների ու տարիքային տարբեր խմբերի ժամանցի արդյունավետ կազմակերպմանը:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ կինոակումբը կնպաստի երիտասարդների համախմբմանը մեկ գաղափարի շուրջ, կբարձրացնի նրանց տեղեկացվածությունը տարբեր ոլորտներից, առավել ակտիվ կներգրավվեն համայնքային կյանքի մեջ, իսկ ուսուցողական ֆիլմերի դիտումներից հետո կազմակերվող քննարկումներն ու կարծիքների փոխանակումը երիտասարդների մոտ կզարգացնեն քննադատական մտածողությունն ու բանավիճելու կարողությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև ֆիլմադարան՝ նախատեսված տարիքային տարբեր խմբերի համար: Ֆիլմերի, ուսուցողական հաղորդումների ցուցադրությունը տեղի կունենա շաբաթական մեկ կամ երկու անգամ և թեմայի բովանդակությունից կախված կընտրվի տարիքային համապատասխան լսարան:

ԿՀԶ ՀԿ կողմից այսօր Լանջիկի Համայնքային կենտրոնին փոխանցվեցին ծրագրով նախատեսված տեխնիկական սարքավորումները՝ պրոյեկցիոն սարքն ու բարձրախոսները, որոնք այսուհետ կօգտագործվեն նաև Լանջիկում գործող պարի ստուդիայի, թատերական խմբակի, ինչպես նաև դպրոցում ու մանկապարտեզում կազմակերպվող միջոցառումների ժամանակ:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1057002281040875.1073741975.158335984240847&type=3″]