«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի շրջանակներում Թորոսգյուղում տեղի ունեցած հերթական հանդիպման նպատակը ֆերմերային խմբի ձևավորումն էր: Հանդիպմանը ներկա էին ծրագրով հետաքրքրված երիտասարդ ֆերմերներ, համայնքի բնակիչներ, ովքեր շահագրգռված են իրենց գյուղում նորարարական գաղափարների և նոր տեխնոլոգիաների գործնական կիրառմամբ:
Ծրագրի համայնքային կազմակերպիչ Ա. Շիրոյանը հավաքվածներին մեկ անգամ ևս ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները, մանրամասն անդրադարձավ ֆերմերային խմբի ձևավորման անհրաժեշտության և այդ խմբի գործառույթներին ու պարտականություններին, պատասխանեց հավքավածներին հուզող բոլոր հարցերին: Քննարկման արդյունքում ձևավորվեց 17 անդամներից բաղկացած Ֆերմերային նախաձեռնող խումբ, ովքեր այսուհետ կհանդիսանան ծրագրի ուղղակի շահառուները, իսկ անուղղակի շահառուները կլինեն Թորոսգյուղ համայնքի, ինչպես նաև Աշոցքի ենթաշրջանի մյուս համայնքների բնակիչները, ովքեր ծրագրի իրականացման ողջ ընթացքում կմասնակցեն կազմակերպվող դասընթացներին, կայցելեն ուսումնացուցադրական տեղամաս՝ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներն իրենց տնտեսություններում կիրառելու նպատակով:
Խմբում ընդգրկված 17 անդամները (8 կին, 9 տղամարդ) ներկայացնում են համայնքի տարբեր ընտանիքներ, քանզի Ֆերմերային խմբի ձևավորման պարտադիր պայմաններից մեկն է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքից խմբին անդամագրվի միայն մեկ հոգի: Նորաստեղծ Ֆերմերային խմբի անդամների միաձայն որոշմամբ խմբի նախագահ ընտրվեց Մյասնիկ Հակոբյանը:
Տարածքի շինարարական աշխատանքներին զուգահեռ ֆերմերային խմբի հաջորդ քայլն է լինելու խմբի գրանցումը որպես գյուղատնտեսական ոլորտում գործող կոոպերատիվ կազմակերպություն, որն հնարավորություն կունենա հետագայում ինքնուրույն դիմել տարբեր կազմակերպությունների՝ ընդլայնելու իր գործունեությունն ու ստանալու դրամաշնորհներ:
Հ.Գ. Ջերմոցի համար նախատեսված տարածքն արդեն ամբողջովին պարսպապատվել է համայնքի անդամների ուժերով, այժմ ընթացքի մեջ են ջերմոցի հիմքի փորման աշխատանքները:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1041459112595192.1073741963.158335984240847&type=3″]