Հունվարի 24-ին Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց Ցողամարգ գյուղում: Պատարագին ներկա էր գրեթե ողջ համայնքը: Սրբազան հայրն հավատացյալներին ուղղված իր խոսքում մանրամասն անդրադարձավ պատարագի իմաստին ու օրվա խորհրդին:
Պատարագի ավարտին պարային համարներով հանդես եկան Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» խմբի սաները, իսկ համայնքապետ Գնել Բարսեղյանի նախաձեռնությամբ բոլոր հավաքվածներին, ինչպես նաև գյուղի ծերերին ու հիվանդներին բաժանվեց մատաղ:
Սուրբ Սարգիս Զորավարի օրվա խորհրդի հետ կապված, հոգևոր առաջնորդն օրհնեց նաև գյուղի երիտասարդների կողմից պատրաստված աղի բլիթները և բաժանեց չամուսնացած աղջիկներին ու տղաներին:
Իսկ մինչ այդ, Ցողամարգի համայնքապետարանի և Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ տեր Հարություն քահանան գյուղի նոր վերանորոգված հանդիսությունների սրահում կատարել էր ջրօրհնեքի կարգ, ինչպես նաև օրհնել նորաբաց սրահը, որից հետո օրհնված ջուրը բաժանվել էր համայնքի բնակիչներին: Ջրօրհնեքի խաչքավորն է եղել համայնքապետ Գնել Բարսեղյանը:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.977412245666546.1073741953.158335984240847&type=3″]