Հուլիսի 8-ին լրացավ մեծ մանկավարժ, հոգեբան, գրականագետ ու լեզվաբան Վալերի Ռաֆայելյանի ծննդյան 74 ամյակը: Նրա մահից տասը տարի անց Ցողամարգ գյուղի կամավորները կազմակերպել էին գրական ցերեկույթ` ցանկանալով իրենց սրտի խոսքն ուղղել եվ հարգանքի տուրք մատուցել Ցողամարգի մեծ ուսուցչին, ով տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել է հայրենի գյուղի աշակերտներին:
Վ. Ռաֆայելյանը ծնվել է 1940թ. հուլիսի 8-ին` Ցողամարգ գյուղում: 1959թ. նա ընդունվել և 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ, ստանալով բանասերի և, միաժամանակ, հայոց լեզվի ու գրականության ուսուցչի որակավորում:
Վ. Ռաֆայելյանը բազմիցս արժանացել է ղեկավարության ուշադրությանը, ստացել պատվոգրեր և կոչումներ: 1977թ. նա արժանացել է ՀԽՍՀ լուսավորության մինիստրության պատվոգրի: 1981թ. պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով: 1986թ. ստացելէ դիպլոմ` ՀԽՍՀ մանկավարժական ընկերության հանրապետական խորհրդի կողմից: Նույն թվականին նա արժանացել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսի պատվոգրին: 1987թ. նրան շնորհվել է «Ավագ ուսուցչի», իսկ 1994թ.` «Հմուտ ուսուցչի» կոչում:
Վալերի Ռաֆայելյանը մահացել է 2003թ-ի դեկտեմբերի 23-ին:
Ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին վաստակաշատ մանկավարժի կյանքին եվ ստեղծագործական ուղուն նվիրված հետաքրքրաշարժ փաստեր ու դրվագներ, հնչեցին նրա հեղինակային ստեղծագործություններից և խոհերից, որոնք Վալերի Ռաֆայելյանը գրել էր հատկապես կյանքի վերջին շրջանում:
Վալերի Ռաֆայելյանը զգայուն մարդ էր, բարյացակամ ընկեր, օրինակելի մանկավարժ, ազնիվ քաղաքացի: Բնավորությամբ համեստ էր, սիրված: Վայելում էր բարձր հեղինակություն աշակերտների, գործընկերների և հասարակության շրջանում: Ցավոք, նրա հեղինակային ստեղծագործությունները դեռեվս լույս չեն տեսել:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.685241864883587.1073741900.158335984240847&type=1″ slider=”1″]
Ինֆորմացիան եվ լուսանկարները տրամադրել է
Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավոր
Արփինե Նիկոլյանը