«Ուսուցանողների վերապատրաստում բազմամշակութային միջավայրում»

Օրերս Ստրասբուրգում անցկացվեց երկօրյա սեմինար «Ուսուցանողների վերապատրաստում բազմամշակութային միջավայրում» թեմայով: Սեմինարի մասնակիցները հիմնականում Հայաստանի եվ Ադրբեջանի հասարակական սեկտորի ներկայացուցիչներն էին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում առնչվում են երեխաների եվ երիտասարդների հետ եվ սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կկարողանան կիրառել իրենց գործունեության մեջ: Սեմինարին դասախոսություններով հանդես եկան Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի եվ Ռուսաստանի Դաշնության փորձագետներ, ովքեր մեծ փորձ ունեն այս ոլորտում եվ նշելով առկա խոչընդոտներն ու դժվարությունները, կարեվորեցին խաղաղության, հանդուրժողականության ու համագործակցության կառուցումը  բազմամշակութային հասարակությունում:

Հայաստանի եվ Ադրբեջանի ներկայացուցիչներին նույնպես հնարավորություն տրվեց կիսվել այս բնագավառում ունեցած իրենց փորձով: ԿՀԶ ՀԿ փորձն ու ձեռքբերումները ներկայացրեց կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մ. Ջուհարյանը՝ «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն Հայաստանի դպրոցներում» թեմայով ներկայացման մեջ:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ չնայած կրթական ոլորտում վճռորոշ դեր խաղում են հիմնականում պետական հաստատություններն ու կառույցները, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության դերը նույնպես չի կարելի անտեսել այս ոլորտում: Ըստ մասնակիցների ու բանախոսների, պետական կառույցի եվ հասարակական սեկտորի առավել սերտ համագործակցությունն անպայման կհանգեցնի դրական արդյունքների թե՛ կրթական ոլորտում եվ թե միջանձնային ու միջմշակութային հարաբերություններում:

Աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքում որոշվեց

  • շարունակել երկու կողմերի արդեն սկսած աշխատանքը՝ կիրառելով ձեռքբերած նոր գիտելիքները
  • ստեղծել «Երկխոսություն միմյանց հետ» կամպանիա
  • ստեղծել ուսուցողական ձեռնարկ բազմամշակութային միջավայրում աշխատելու համար
  • ուսուցողական ձեռնարկի հիման վրա անցկացնել սեմինարների շարք՝ ուսուցանողներին վերապատրաստելու նպատակով: