«Ձեռք ձեռքի տանք սարեր շուռ կտանք» ծրագիրը մշակվել է Լանջիկի դպրոցի մանկավարժների, համայնքային կենտրոնի կամավորների ու ակտիվիստների նախաձեռնությամբ՝ ԿՀԶ ՀԿ կողմից անցկացված «Մրցունակ ծրագրի շարադրում» թեմայով սեմինարների ընթացքում: Գյուղում կա պարի խմբակ, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում համայնքում կազմակերպված բոլոր միջոցառումներին, սակայն խմբակը չունի բեմական հագուստներ, համապատասխան հանդերձանքի աքսեսուարներ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել համայնքի համախմբմանը՝ ամրապնդելով դպրոց-համայնք կապը, միեվնույն ժամանակ պահպանելով ազգայինը, զարգացնել երիտասարդների էսթետիկական ճաշակը, արթնացնել սեր պարարվեստի եվ հայկական մշակութային արժեքների նկատմամբ: ԿՀԶ ՀԿ նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ արդեն ձեռք են բերվել հայկական տարազի համար անհրաժեշտ կտորն ու այլ պարագաներ, մասնագետի օգնությամբ մոդելավորվել ու կարվել է բեմական առաջին զգեստը:
Մնացած հագուստները կարելու է Լանջիկ համայնքի բնակիչ Լուսինե Օլեյանը, ով կամավոր կերպով ստանձնել է այդ պարտականությունը: Դպրոցի եվ Համայնքային կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպվող շնորհանդես-միջոցառմանը Լանջիկի պարի խմբակն արդեն համայնքին կներկայանա նոր բեմական հանդերձանքով: