Ես պատրաստ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները միայն թե պատվով դուրս գամ…

Manushak NersisyanԱսեղնագործություն սովորել եմ իմ մայրիկից, ով գյուղի հանրակրթական դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցչուհի էր, իսկ տատիկներս ինձ սովորեցրեցին նաեվ շյուղերով ու հելունով գործել: Քանի որ մեր գյուղը հեռու էր քաղաքից, իսկ ես քայլելու, ինքնուրույն  տեղաշարժվելու  հետ կապված խնդիրներ ունեի, չկարողացա ուսումս շարունակել եվ սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ ու ավելի հմտանալ ձեռագործության բնագավառում:

Իմ կյանքում մեծ դեր խաղաց «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, որն իր հետ մի թարմ շունչ բերեց գյուղ, ձեվավորեց նոր մթնոլորտ՝ շատերին հանելով ընկճված վիճակից ու լավատեսորեն տրամադրելով ապագայի հանդեպ: Ես հասկացա, որ եկել է նաեվ իմ ժամանակը, որպեսզի դուրս գամ իմ պարփակված աշխարհից եվ իմ մասնակցությունն ունենամ համայնքիս զարգացման գործում: Ես դարձա գյուղում գործող Համայնքային կենտրոնի կամավորներից մեկը եվ մյուսների հետ միասին սկսեցի ակտվորեն մասնակցել համայնքում կազմակերպվող լայնամասշտաբ միջոցառումներին ու տոնակատարություններին՝  ավելի իմաստալից դարձնելով թե՛ իմ և թե երեխաների ազատ ժամանակը:

Տեսնելով իմ ձեռքի աշխատանքները, ԿՀԶ ՀԿ աջակցությամբ ստեղծեցի ձեռագործ աշխատանքների փոքրիկ խմբակ, որտեղ ներգրավեցի ավելի քան 10 դեռահաս աղջիկների: Եվ չեք պատկերացնի մեր բոլորի ուրախությունն ու հպարտությունը, երբ մեր աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվեցին Գոգհովիտ այցելած Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակների համար, ովքեր ողջունեցին ու բարձր գնահատեցին իմ կատարած աշխատանքը:

Իմ կյանքը մի նոր փուլ թեվակոխեց «Հայրենի արհեստներ» (Homeland handicrafts) ծրագրում ընդգրկվելուց հետո: ԿՀԶ ՀԿ միջնորդությամբ մեր գյուղ այցելեց Նորվեգիայի հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որն այդ ծրագրի ղեկավարն է, եվ ծանոթացավ իմ աշխատանքներին:

Մեծ պատասխանատվությամբ եվ միեվնույն ժամանակ մտավախությամբ գործեցի առաջին փորձնական վերնազգեստը եվ չեմ կարող նկարագրել իմ հուզմունքն ու ուրախությունը, երբ իմացա, որ այն հավանության է արժանացել եվ ես ընդգրկվել եմ «Հայրենի արհեստներ» ծրագրում: Ծրագրի շնորհիվ այժմ ես աշխատանք ունեմ՝ զբաղվում եմ իմ սիրած գործով եվ գումար վաստակում, որին ես այնքան երկար եմ սպասել: Բացի այդ, ներկա պահին ստեղծել եմ նաեվ երիտասարդ կանանց եվ աղջիկների փոքրիկ խմբակ, որոնց սովորեցնում եմ այն ամենն  ինչին ինքս եմ տիրապետում, որպեսզի նրանք էլ կարողանան գումար վաստակել եվ օգնեն իրենց ընտանիքներին:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն եվ «Հայրենի արհեստներ» ծրագիրը կարծես հույսի եվ լույսի ճանապարհ հարթողներ եղան ինձ համար, որի համար անչափ շնորհակալ եմ: Նրանց շնորհիվ ինձ հաջողվեց հաղթահարել կաշկանդվածությունս ու կոտրել մարդկանց մեջ կարծրացած շատ գաղափարներ: Իմ անձնական օրինակով ցույց տվեցի, որ յուրաքանչյուր ոք կարող է հասնել հաջողությունների, եթե միայն ցանկություն ունենա եվ նպատակաուղղված գնա իր ընտրած ճանապարհով եվ որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է առաջ նայել, համախմբել մարդկանց ու օգտակար լինել իր համայնքին:

Մանուշակ Ներսիսյան, Գոգհովիտ