Արփենիի փոքրիկներն հնարավորություն ունեն հաճախելու պարի խմբակ

Հոկտեմբերի 27-ին Արփենի բնակավայր ժամանած հյուրերին համայնքի ջերմ ու հյուրընկալ բնակիչները դիմավորեցին աղ ու հացով։ Տոնական տրամադրության պատճառն այս անգամ համայնքում հիմնված պարի խմբակի պաշտոնական բացման արարողությունն էր։ Մայիս ամսից համայնքում գործող պարի խմբակն հիմնվել է Արփենի համայնքի բնակչուհի Հայաստան Աղաբաբյանի նախաձեռնությամբ՝ համայնքի վարչական ղեկավարի ու բնակիչների ակտիվ աջակցությամբ։ Վերջիններիս շնորհիվ բարեկարգվել էր խմբակի գործունեության համար հատկացված տարածքը, սակայն խմբակի լիարժեք և արդյունավետ պարապմունքների կազմակերպման համար պակասում էին դասասենյակի հայելիները, անհրաժեշտ բռնակներն ու բարձրախոսը, որոնք էլ ձեռք բերվեցին ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարված դրամաշնորհային վերջին ծրագրի շջանակներում։ Այսօր արդեն պարի խմբակ են հաճախում 5-17 տարեկան թվով 28 տղաներ ու աղջիկներ։

Միջոցառմանը ներկա հյուրերը, սաների ծնողներն ու համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին պարուսույց Հ․ Աղաբաբյանին նախաձեռնության և կատարած աշխատանքի համար, ինչպես նաև ԿՀԶ ՀԿ-ին՝ տարիներ շարունակ Արփենի համայնքի կողքին լինելու և համայնքի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար։

Ծրագրի հաջող մեկնարկի համար հավաքվածներին շնորհավորեց ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, նշելով․ «Անչափ ուրախ եմ այսքան շատ պայծառ երեխաների, երիտասարդ մայրերի, կանանց ու տղամարդկանց կրկին տեսնելու Արփենիում։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվարին ժամանակներում դուք կարողանում եք պահել գյուղը, շենացնել այն ու ամեն գնով նպաստել երեխաների հայեցի դաստիարակությանը»։

Միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու «Քրեյզի» պարային համույթի ղեկավար Էդգար Հարությունյանը, ով նույնպես կարևորեց աշխատանքը համայնքներում՝ նպաստելով երկրի համաչափ զարգացմանն ու մշակութային կյանքի աշխուժացմանը։

Պաշտոնական արարողությունից հետո պարի խմբակի սաներն հանդես եկան հաշվետու համերգով՝ ներկայացնելով 6 ամիսների ընթացքում իրենց ձեռք բերած հմտություններն ու փոքրիկ հաջողությունները։

Ցուցադրական համարներով հանդես եկան նաև Արփենի համայնքում գործող կարատեի խմբակի սաները, ովքեր նույնպես կարճ ժամանակում արդեն գրանցել են հաջողություններ տվյալ ասպարեզում։

Միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին համայնքի վարչական ղեկավարին և համայնքի բոլոր այն բնակիչներին, ովքեր աջակցել են խմբակի աշխատանքների կազմակերպմանն ու վերանորոգմանը, իսկ սաներն իրենց առաջին բեմելի համար արժանացան խրախուսական պատվոգրերի։

Լուսանկարներ միջոցառումից