Ուրախ ու գունեղ տոն Մուսայելյանի փոքրիկների համար

Օգոստոսի 17-ը Մուսայելյան համայնքում նշանավորվեց դրամաշնորհային երկու՝ խաղահրապարակի տեղադրման և համայնքի փողոցային լուսավորության ծրագրերի  շնորհանդեսով։

Բացման արարողությանը ներկա էին Աշոցք միավորված համայնքապետարանի ներկայացուցիչները, Մուսայելյան համայնքի վարչական ղեկավարը, ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ։

Տարիներ շարունակ սովորական ճոճանակից անգամ զրկված Մուսայելյանի փոքրիկներն այսօր արդեն խաղահրապարակ ունեն, որն իր ուրախ գույներով նոր շունչ էր հաղորդել նաև համայնքին։

Խորհրդանշական ժապավենը համայնքի փոքրիկների հետ միասին կտրեցին ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու Մուսայելյանի երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Խաչատրյանը։ Վերջինս հավաքվածներին ներկայացրեց ԿՀԶ ՀԿ և Աշոցք միավորված համայնքապետարանի համաֆինանսավորմամբ վերջին 2 տարում Մուսայելյանում  իրականացված ծրագրերն ու ձեռք բերված արդյունքները։

Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Համլետ Ավետիսյանը, շնորհավորելով մուսայելյանցիներին նոր խաղահրապարակի ու համայնքի լուսավորության ծրագրերի առթիվ, նշեց․ «Կանայք հանուն զարգացման ՀԿ հետ համտեղ իրականացրած ծրագրերը բազմաթիվ են ու բազմաբնույթ, սակայն դրանց մեջ ամենաշատը կարևորում ենք երեխաների զարգացմանն ու ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերը, քանզի նրանք են մեր երկրի ապագան, տերն ու տիրականը և մեր համար առաջնահերթ է նրանց համար առողջ ու անհոգ մանկություն ապահովելը։ Ողջունում եմ երիտասարդների այս նախաձեռնությունը և վստահեցնում, որ համայնքապետարանը պատրաստ է համագործակցության՝ ի շահ մեր համայնքների»։

Իրականացված ծրագրերի և համայնքում դրական փոփոխություններ բերելու համար Աշոցքի համայնքապետարանին և ԿՀԶ ՀԿ-ին շնորհակալություն հայտնեցին նաև Մուսայելյանի վարչական ներկայացուցիչ Կարեն Վարդանյանն ու միջոցառմանը մասնակից համայնքի բնակիչները։

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը ողջունելով և շնորհավորելով հավաքվածներին, իր խոսքում կարևորեց հատկապես համայնքի երիտասարդական կենտրոնի անդամների ակտիվ գործունեությունը, որոնց ակտիվ աշխատանքի շնորհիվ նախաձեռնվել ու կյանքի են կոչվել համայնքի սոցիալական ուղղվածության տարբեր ծրագրերն ու խմբակները․ «Մեր աշխատանքի հաջողության գրավականներից մեկը հենց երիտասարդների ակտիվ աշխատանքն է, տեղի բնակիչների մասնակցությունն ու ՏԻՄ-ի հետ սերտ համագործակցությունը։ Այսօր մենք ականատեսն ենք համատեղ ու սիրով արված հերթական աշխատանքի արդյունքին։ Մեր նպատակն է այդ ամենը դնել կայուն հիմքերի վրա, որպեսզի եթե նույնիսկ մեր կազմակերպությունը համայնքից դուրս գա, դուք կարողանաք պահպանել այն ամենն ինչ ունեք և եղածի վրա ավելացնել նորը՝ համագործակցելով այլ կազմակերպությունների ու դոնորների հետ»։

Խաղահրապարակի բացման արարողությունից հետո հրավիրվածները մասնակցեցին նաև համայնքում գործող նկարչական խմբակի փոքրիկ սաների առաջին ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին համայնքի 6-13 տարեկան  մոտ 30 երեխաների աշխատանքներ։ Խմբակն ընդամենը 3 ամսվա պատմություն ունի, որը կամավոր կերպով վարում է Մուսայելյանի երիտասարդական խմբի անդամ Լիդա Հովհաննիսյանը։

Նկարչական խմբակի համար անհրաժեշտ մոլբերտներն ու տումբաները ևս ձեռք են բերվել ԿՀԶ ՀԿ ֆինանսավորմամբ։

Նշենք, որ 2022-2023թթ․ ընթացքում ԿՀԶ ՀԿ  և Աշոցքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Մուսայելյան համայնքում իրականացվել է թվով 4 սոցիալական ծրագիր՝ ընդհանուր  3․855․020 ՀՀ դրամ արժողությամբ, որից 2․944․020 ՀՀ դրամը տրամադրվել է ԿԿՀԶ ՀԿ կողմից, 821․000 ՀՀ դրամը Աշոցքի համայնքապետարանի կողմից, իսկ 90․000 ՀՀ դրամ տրամադրվել է բնակիչների դրամահավաքի արդյունքում։

Միջոցառման լուսանկարներն՝  այստեղ