«Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողով, 2007թ․

2007 թվականին լրացավ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության 10 ամյակը։ «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» թեմայով գիտաժողովն հաշվետվություն և արդյունքների ամփոփում էր 10 տարիների ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքների։ Գիտաժողովի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության կրթության և խաղաղության մշակույթի տարածման բնագավառում ԿՀԶ ՀԿ-ի, գործընկեր կազմակերպությունների, դպրոցների ձեռք բերած փորձն ու հաջողությունները՝ մեկ անգամ ևս ընդգծելով խաղաղության մշակույթի դաստիարակության կարևորությունը խաղաղաշինության գործընթացում։ Գիտաժողովի մասնակիցներին կոչ է արվում նպաստել Հայաստանում Հաագայի 1999թ․ խաղաղության կոնֆերանսի «Կոչ հանուն խաղաղության» հիմնական նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով իրազեկությունը և քաղաքական աջակցությունը՝ խաղաղության կրթության գաղափարը կրթական բոլոր բնագավառներում տարածելու ուղղությամբ՝ ներառյալ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը, ինչպես նաև խթանելու ուսուցիչների կրթությունը խաղաղություն ուսուցանելու գործում։

Գիտաժողովի խնդիրները՝

  1. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի 10-ամյա գործունեության ներկայացում։
  2. «Խաղաղության կամուրջներ» ամսագրի 10-րդ համարի շնորհանդես։
  3. 2002-2007թթ․ Շիրակի մարզի 10 դպրոցներում իրականացված «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ծրագրի արդյունքների ներկայացում։
  4. Տեղեկատվություն տարբեր երկրներում խաղաղության կրթության բնագավառում իրականացվող ծրագրերի մասին։
  5. Խաղաղության մշակույթի ձևավորումը որպես ներդրում խաղաղաշինությայն գործընթացում։
  6. Մարզի դպրոցներում ստեղծված «Խաղաղության ուսուցման կենտրոնների» լավագույն փորձի և տեղեկատվության փոխանակում։
  7. Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթության հեռանկարներ Հայաստանում։

Գիտաժողովը նվիրված էր կազմակերպության հիմնադիր նախագահ Արմինե Միքայելյանի հիշատակին։ Նրա հիշատակին էր նվիրված նաև կազմակերպության լրատուի 10-րդ հոբելյանական համարը։

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար տես «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման ուսուցումն ի նպաստ խաղաղաշինության» գիտաժողովի ամփոփիչ ձեռնարկը: