Ուսումնական այց Վրաստան

Նախորդ շաբաթ «Կանայք Հանուն Զարգացման» ՀԿ 4 աշխատակիցներ եղան Թբիլիսիում՝ մասնակցելու «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն» -ի (CSRDG http://new.csrdg.ge/) կողմից կազմակերպված տեղեկատվական դասընթացին և ծանոթանալու CSRDG -ի աջակցությամբ Վրաստանում գործող տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունների հետ։

Տեղեկատվական դասընթացը վարեցին CSRDG կազմակերպության սոցիալական ձեռներեցության զարգացման ծրագրի համակարգող  Էկա Դատուաշվիլին և Երիտասարդական սոցիալական ձեռներեցության ծրագրի մենեջեր Գիգա Չիտիշվիլին։

Դասընթացի ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց CSRDG -ի աջակցությամբ Վրաստանում գործող «Սոցիալական ձեռներեցության կենտրոն»-ի ստեղծման պատմությունը, սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրամաշնորհների տրամադրման կարգը, օրենսնսդրական նախաձեռնությունները, կենտրոնի կողմից շահառուներին տրամադրվող խորհրդատվության կարգը և այլն։

Գործընկերները կոնկրետ օրինակներով ներկայացրին սոցիալական ձեռներեցության բնագավառում CSRDG -ի կողմից վերջին տարիներին կազմակերպված դասընթացներն ու տրամադրված դրամաշնորհները։

Աշխատանքային այցի և փորձի փոխանակման արդյունքում ԿՀԶ ՀԿ թիմը հնարավորություն ստացավ ծանոթանալու գործընկեր կազմակերպության՝ CSRDG-ի սոցիալական ձեռներեցության բնագավառում կուտակած հարուստ փորձին, կենտրոնի աջակցությամբ հիմնված սոցիալական ձեռներեցության հաջողված օրինակներին։