Դասընթաց «Գյուղական զբոսաշրջություն» թեմայով

27.05.2019

Վերանորոգումից հետո առաջին անգամ իր հյուրընկալ դռները բացեց Մեղրաշատի «Տատիկի տուն» հյուրատունը։ Գյուղական գեղատեսիլ բնության մեջ գտնվող այս հյուրատունը հրաշալի վայր է կտրվելու քաղաքային աղմկոտ առօրյայից, վայելելու մաքուր օդն ու համտեսելու գյուղական համեղ և էկոլեգիապես մաքուր սնունդը։ Հյուրատան առաջին այցելուներն էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցները, ինչպես նաև Մեղրաշատ և Անուշավան համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի անդամները։ Ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանին, ով ողջունեց ներկաներին, պատմեց, թե ինչպես է առաջացել այստեղ հյուրատուն բացելու գաղափարը, ինչ փուլերով է վերանորոգվել և ինչպիսի ծառայություններ է առաջարկում։ Հիշեցնենք, որ Հյուրատան մասնակի վերանորոգումն ու պարսպապատումն իրականացվել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում։ Այնուհետև ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Արփինե Նիկոլյանն ու Անահիտ Հակոբյանը «Գյուղական զբոսաշրջություն» թեմայով դասընթաց անցկացրեցին երիտասարդների համար, ովքեր նույնպես հետարքրքված են իրենց համայնքներում նմանատիպ հյուրատներ հիմնելու գաղափարով։ Գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները վեր հանեցին իրենց համայնքների առանձնահատկությունները, տեսարժան վայրերը, հետաքրքիր սովորույթներն ու ավանդույթները, յուրաքանչյուր համայնքին բնորոշ ճաշատեսակներն ու տեղանքների զբասաշրջային ուղղությունները։ Հանդիպման ավարտին այցելուներն իրենց տպավորությունները, մաղթանքներն ու ջերմ խոսքերը թողեցին հյուրատան հուշամատյանում։

Լուսանկարներ