18.05.2019
Մայիսի 18-ին տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում գործող Ֆորում թատրոն խմբակների համաժողով։ Համաժողովը նպատակ ուներ ամփոփելու վերջին մեկ տարում Ֆորում թատրոն խմբակների կատարած աշխատանքները, միմյանց հետ կիսվելու իրենց հաջողություններով, դժվարություններով և ձեռք բերած արդյունքներով։ Հանդիպմանը ներկա էին շահառու համայնքների վարչական ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, խմբավարներ, դպրոցականներ և ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ։
Բոլոր համայնքների Ֆորում թատրոն խմբակների անդամները պատրաստել էին հետաքրքիր ու չկրկնվող ներկայացումներ, որտեղ նրանք անդրադարձել էին նաև այն փոփոխություններին, որոնք ձեռք են բերել խմբակների գործունեության արդյունքում։ Համարձակություն, ինքնավստահություն, լիդերություն, դերասանական հմտություն, դիմացինին լսելու և հասկանալու, սեփական կարծիքն արտահայտելու կարողություն, ընկերասիրություն, ուրիշի խնդրին կարեկից լինելու կարողություն․․․ սրանք այն բոլոր հմտություններն ու ձեռքբերումներն են, որոնք նշեցին դպրոցականները։
Երեխաներն իրենց ելույթներում անդրադարձան նաև այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել համայնքների անդամների մոտ իրենց ներկայացումներից հետո․ «Առաջին անգամ, երբ մենք որոշեցինք բարձրաձայնել համայնքում առկա ջրի խնդրի մասին, մտավախություն ունեինք, որ համայնքի անդամները մեզ կարող է ճիշտ չհասկանան, սակայն ի ուրախություն մեզ, այդ ներկայացումից հետո շատ բան փոխվեց թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի մոտ, ովքեր սկսեցին ավելի բարեխղճորեն հետևել ջրի ծորակին, փակել, որպեսզի հարևանը նույնպես կարողանա օգտվել ջրից։ Այս փաստը մեզ շատ ոգևորեց և մենք սկսեցինք անդրադառնալ մեզ հուզող այլ խնդիրների ևս։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ներկայացումը դիտելիս հանդիսատեսն անմիջապես տալիս է անուններ՝ հա՜ սա ես եմ, սա էլ մեր հարևանն է․․․», – իրենց խոսքում նշեցին Ցողամարգի Ֆորում թատրոնի անդամները։
Գոհար Մարկոսյանը, շնորհակալություն հայտնելով խմբավարներին ու խմբակների անդամներին հետաքրքիր ներկայացումների համար, իր խոսքում նշեց․ «Տեսնելով խմբակների կատարած աշխատանքը և այն արդյունքները, որոնք այսօր ունենք, ուրախությամբ կարող եմ փաստել, որ Ֆորում թատրոն խմբակներն հասել են նրան, ինչ մենք ուզում էինք՝ այն է բարձրացնել համայնքներում առկա խնդիրները, հասցնել դրանք իրենց հասցեատերերին ու փորձել գտնել այդ խնդիրների լուծումները համայնքների անդամների հետ քննարկման արդյունքում։ Մեր գլխավոր առաջադրանքներից էր, որպեսզի երեխաները, երիտասարդ սերունդը նույնպես կարողանա տեսնել իր շրջապատում առկա խնդիրները, անտարբեր չլինի դրանց և մասնակիցը դառնա այդ խնդիրների լուծմանը և այսօր ես այդ առաջադրանքը համարում եմ կատարված»։ Գ․ Մարկոսյանը շատ կարևորեց և ողջունեց նաև համայնքապետերի, դպրոցների տնօրենների մշտական ուշադրությունը խմբակներին և նրանց պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում լուծելու երիտասարդների բարձրացրած խնդիրները: