Դեկտեմբերի 15-ին Թորոսգյուղում տեղի ունեցավ Թորոսգյուղի նախաձեռնող խմբի և Ցողամարգում գործող «Համայնք հանուն խաղաղության և զարգացման» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «Կինոակումբի ձայնը» ծրագրի շնորհանդեսը։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Սարապատ խոշորացված համայնքի՝ մասնավորապես Թորոսգյուղ, Ցողամարգ, Արփենի և Գոգհովիտ բնակավայրերի համայնքային կյանքի ակտիվացմանն, ինչպես նաև հարևան համայնքների համախմբմանը՝ երիտասարդների ու համայնքի անդամների համար ժամանցի արդյունավետ կազմակերպման և համատեղ քննարկումների հարթակ ստեղծելու միջոցով։
Շնորհանդեսին ներկա էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ, «Բիոսոֆիա», «Երրորդ բնություն» ՀԿ, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներ, ովքեր շնորհավորեցին նորաստեղծ հասարակական կազմակերպությանը առաջին հաջողված ծրագրի կապակցությամբ՝ մաղթելով բազում նոր ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների կյանքի որակի բարելավմանն ու կօգնեն լուծել առկա բազմաթիվ հիմնախնդիրներ։
Հետաքրքիր ու արդյունավետ ծրագրի համար իրենց շնորհակալությունն հայտնեցին նաև ծրագրին մասնակից երիտասարդներն ու կամավորները՝ նշելով, որ ծրագրի արդյունքում իրենք դարձել են ավելի ինքնավստահ, կարողանում են ազատորեն արտահայտել իրենց մտքերը, ձեռք են բերել նոր գիտելիքներ և որ ամենակարևորն է՝ ակտիվացել է շփումը հարևան համայնքների երիտասարդների միջև, ովքեր ունեն շատ հետաքրքիր գաղափարներ ու պատրաստ են համատեղ ուժերով նոր ծրագրեր իրականացնել։
Միջոցառման ավարտին շնորհակալագրեր ու փոքրիկ հուշանվերներ հանձնվեցին ծրագրին աջակցող բոլոր կառույցներին ու կամավորներին։
Նշենք, որ «Կինոակումբի ձայնը» ծրագրի համար հիմք էր հանդիսացել դեռևս 2016 թվականին ԿՀԶ ՀԿ կողմից Թորոսգյուղում իրականացված կինոակումբի ծրագիրը, իսկ «Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի կողմից տրամադրած դրամաշնորհային փոքր ծրագրի և Սարապատի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով հնարավոր դարձավ կինոակումբը զինել տեխնիկական նոր միջոցներով և ծրագրում մեկի փոխարեն ընդգրկել 4 համայնքներ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1735807126493717.1073741935.158335984240847&type=1″]