«Սուրենը, ով ծառայում է բանակում հեռախոսազրույցի ժամանակ պատմեց որ ինքն այնտեղ էլ է խաղարարար և բոլոր ընկերներն իրեն սիրում են՝ կոնֆլիկտային իրավիճակներին ճիշտ լուծումներ տալու համար»:
Ահա այսպիսի արձագանք ենք ստացել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտից, ով այժմ ծառայում է հայոց բանակում: Սա մեզ համար ամենամեծ գնահատականներից եվ ձեռքբերումներից մեկն է, երբ կոնֆլիկտների կառավարման բնագավառում ձեռք բերված հմտությունները չեն մնում զուտ տեսական գիտելիք, այլ աշակերտները կարողանում են դրանք կիրառել իրենց առօրյա կյանքում՝ ոչ միայն ճիշտ ու խաղաղ լուծումներ գտնելով առաջացած կոնֆլիկներին, այլեվ այդ գիտելիքները փոխանցելով շրջապատին:
Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի դպրոցի ուսուցչուհի Նելլի Դռնոյանին, ով իսկապես բարձր գնահատելով կոնֆլիկտների կառավարման կրթությունը, կարողացել է իր աշակերտների մեջ նույնպես սերմանել խաղաղության մշակույթը:
Ահա Ն. Դռնոյանի մեզ ուղարկած նամակն ամբողջությամբ:
«Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրով անցկացված դասղեկական ժամերի արդյունքների համառոտ ամփոփում:
«Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրի իրականացման անհրաժեշտությունը իսկապես կա և սա այն հազվադեպ ծրագրերից է, որի շնորհիվ աշակերտների կողմից ձեռք բերված գիտելիքներն արժևորվում են և ունենում իրենց գործնական կիրառությունը կյանքի բոլոր էտապներում և ոլորտներում: Այս ծրագրով նախատեսված թեմաների ճիշտ մեթոդներով ուսուցումը երեխաների մոտ նպաստում է ոչկոնֆլիկտային գիտակցության ձևավորմանը, վերլուծական մտածողության զարգացմանն ու խաղաղության մշակույթի ամրապնդմանը՝ հնարավորություն տալով կանխարգելելու դեռահասության տարիքում աշակերտների մեջ առաջացած կոնֆլիկտները, որոնք շատ վտանգավոր են և հաճախ էլ դառնում են երեխաների մոտ անձնային բացասական որակների առաջացման դրդապատճառներ:
Երեխաները շատ ոգևորվում են, երբ հանդես են գալիս միջնորդի դերում՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր կանոնները, նրանցից շատերը հպարտանում են, որ ընտանիքում դարձել են «խաղաղարարներ» և առաջին անգամ մեծերի կողմից լսում են շնորհակալական խոսքեր: Նրանք խոստովանում են, թե որքան «մեծ» են իրենց զգում, գնահատելի է նաև այն, որ կոնֆլիկտային իրավիճակներին աշակերտները սկսել են նայել վերլուծողի աչքերով:
Ինձ համար շատ ուրախալի է, որ իմ դասղեկական դասարանի աշակերտները կյանքում հանդիպած կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարում են հեշտությամբ, և հաճախ էլ խոստովանում այս ծրագրի դերը: Մեկ շաբաթ առաջ Սուրենը, ով ծառայում է բանակում հեառխոսազրույցի ժամանակ պատմեց որ ինքը այնտեղ էլ է խաղարարար և բոլոր ընկերները իրեն սիրում են՝ կոնֆլիկտային իրավիճակներին ճիշտ լուծումներ տալու համար: Հետաքրքիր էր նաև այն, որ նա հարցրեց միթե՞ բոլոր դպրոցներում այս թեմաներիը չեն քննարկում:
Ես հուսով եմ, որ այս ծրագիրը նպատակային կիրականացվի բոլոր դպրոցներում և մեր երկրի վաղվա տերերը կլինեն հավասարակշռված և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ օժտված անհատներ:
Նելլի Դռնոյան
Գեղարքունիքի միջն. դպրոցի ուսուցչուհի