«Այս իրադարձությունն ինձ համար հաղթանակ էր» տողերը վերցված են Լանջիկի Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանի՝ ԿՀԶ ՀԿ-ին գրած շնորհակալական նամակից:
ԿՀԶ ՀԿ-ն նույնպես շնորհակալություն է հայտնում Ա. Առաքելյանին՝ նվիրված եվ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաեվ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս հրաշալի ծրագրի հաջող մեկնարկին: Ձեզ ենք ներկայացնում Ա. Առաքելյանի նամակն ամբողջությամբ:
2015 թվականի Ամանորը լանջիկցիների համար սկսվեց ուրախ տրամադրությամբ ու անակնկալներով: Ամանորի ամենաբարի ու սպասված հյուրերի՝ Ձմեռ պապի եվ Ձյունանուշի այցն ուրախություն պարգեվեց ոչ միայն փոքրիկներին, այլեվ մեծահասակներին:
Դեռեվս 3 տարի առաջ իմ մոտ միտք առաջացավ ձեռք բերել Ձմեռ պապի եվ Ձյունանուշի հագուստներ, որոնք ունենալու դեպքում կփոխվեր համայնքի ամանորյա առօրյան, տարեմուտի միջոցառումներն ավելի գեղեցիկ ու տոնական կլինեին, սակայն հովանավորներ չունենալու պատճառով այդ գաղափարի իրականացումն անընդհատ հետաձգվում էր:
2014թ. նոյեմբեր ամսին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) օգնությամբ Լանջիկի Համայնքային կենտրոնի ակտիվիստների հետ միասին գրեցինք փոքր դրամաշնորհային ծրագիր՝ «Պարգեվենք ժպիտ երեխաներին» խորագրով: Ծրագիրը նպատակ ուներ ձեռք բերել Ձմեռ պապի, Ձյունանուշի եվ երեխաների սիրած մուլտհերոսների հագուստներ, որոնք ունենալու դեպքում համայնքի կամավորների օգնությամբ կկարողանայինք իրականացնել երեխաների ամանորյա, մանկական տոները, միջոցառումները, առանձին երեխաների ծննդյան տոները հիշարժան ու հետաքրքիր դարձնելու մեր պլանավորած ծրագիրը: Գրեցինք ծրագիրը, բայց չէինք սպասում, որ կկարողանանք իրականացնել այն մինչեվ Նոր Տարին, քանի որ ժամանակ շատ քիչ էր մնացել: Սակայն «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցներն ամեն ինչ արեցին այս Ամանորը մեր գյուղի փոքրիկների համար անմոռանալի եվ երջանիկ դարձնելու համար: Կազմակերպված դրամահավաքի եվ ԿՀԶ ՀԿ ներդրած գումարի շնորհիվ կազմակերպությունը կարողացավ ձեռք բերել Ձմեռ պապի եվ Ձյունանուշի հագուստներ, որոնք այնքա՜ն գեղեցիկ, շքեղ ու բնական էին, կարծես իրական հեքիաթից վերցված լինեին: Դեկտեմբերի 26-ին՝ դպրոցի ամանորյա միջոցառման ժամանակ Ձմեռ պապի եվ Ձյունանուշի նոր հագուստներով Լանջիկի կամավորներն անսպասելիորեն հայտնվեցին՝ զարմանք եվ հիացմունք պարգեվելով հավաքվածներին: Դպրոցականներին ուրախացնելուց հետո նրանք ուղեվորվեցին մանկապարտեզ, որտեղ նույնպես տոնական հանդես էր կազմակերպվել: Մեծ հիացմունք, գոհունակ հայացքներ, ուրախությունից փայլող աչքեր էինք տեսնում բոլորի՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի եվ թե ուսուցիչների ու ծնողների դեմքերին:
Ամանորյա տոնական տրամադրությունն ու անակնկալներն ամբողջացրեցին համայնքի հովանավորները՝ համայնքապետ Արա Մարդոյանը, համայնքի բնակիչներ Համլետ Հովհաննիսյանն ու Մեխակ Մխիթարյանը, ովքեր քաղցրավենիքով լի տոպրակներ, բացիկներ ու նվերներ էին պատրաստել գյուղի բոլոր երեխաների համար, որպեսզի Ձմեռ պապը դատարկաձեռն չայցելի երեխաներին:
Սակայն անակնկալներն այսքանով չվերջացան: Իմ նախաձեռնությամբ եվ համայնքապետ Արա Մարդոյանի աջակցությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երկու օրում այցելեցին նաեվ գյուղի ավելի քան 180 ընտանիքների՝ շնորհավորելով եվ ուրախություն պարգեվելով բոլորին: Բոլոր ընտանիքներին անխտիր տրվեցին ամանորյա շնորհավորական բացիկներ՝ համայնքապետարանի եվ Համայնքային կենտրոնի անունից: Այդ մի քանի օրերին այնպիսի ոգեվորություն էր տիրում համայնքում, որ դժվարանում եմ բառերով նկարագրել: Դեռեվս չէր եղել այնպիսի միջոցառում, որին մասնակից լինեին անխտիր բոլոր բնակիչները եվ սա այն եզակի դեպքերից էր, որի արդյունքում բոլորը գոհ էին եվ միաբերան շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին։
Այս իրաձարձությունն ինձ համար հաղթանակ էր, քանի որ սա իրոք համայնքային միջոցառում դարձավ, որն իսկապես համախմբեց բոլորին: Այն փաստը, որ համայնքային կենտրոնի կամավորները, գյուղապետարանի աշխատակազմը միասին իրենց ձեռքով պատրաստել էին շնորհավորական բացիկներ համայնքի բոլոր ընտանիքների համար, կազմակերպել Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունները, արդեն իսկ համայնքի համախմբման հաջողության պատմություն է: Իսկ այն, որ համայնքի երիտասարդ բնակիչներից մեկը, երկու երեխաների հայր 28 ամյա Սամվել Ռաֆայելյանն ինքն էր առաջարկել դառնալ Ձմեռ պապ և այցելել առանց բացառության գյուղի բոլոր ընտանիքները, սա արդեն մշակութային փոփոխություն է (Շիրակի մարզի գյուղերում նման օրինակներ գրեթե չկան, տղամարդիկ պարզապես «չեն էլ պատկերացնում», որ կարելի նման հանրային գործողություն կատարել):
Ծրագիրն այսքանով չի վերջացել եվ մեր համայնքի երեխաներին դեռեվս սպասվում են նոր անակնկալներ: Լանջիկի համայնքապետարանի եվ ԿՀԶ ՀԿ ֆինանսական ներդրումով շուտով կյանքի կկոչվի ամբողջական ծրագիրը:
Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, բարերարներին եվ բոլոր նրանց, ովքեր գումարով եվ աշխատանքով աջակցեցին մեզ՝ այս Ամանորը անմոռանալի դարձնելու համար:
Լանջիկի Համայնքային կենտրոնի պատասխանատու
Արմենուհի Առաքելյան
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.770087036399069.1073741916.158335984240847&type=1″ slider=”1″]