Ի՞նչ է համայնքի զարգացումը, ինչպե՞ս և ինչի՞ց սկսել այն, համայնքային միջոցների արդյունավետ օգտագործում՝ ի շահ բոլորի… Այս և այլ թեմաների մասին Արփենի, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներում խոսեց «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը:
ԿՀԶ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվող «Շիրակի մարզում համայնքային զարգացման լավագույն փորձն ու հնարավորությունները» թեմայով դասընթացների շարքը նպատակ ունի հզորացնել շահառու համայնքների կարողությունները, մեկ անգամ ևս մասնակցային եղանակով վեր հանել տեղական խնդիրներն ու խթանել համայնքներին գտնելու լուծումներ սեփական խնդիրներին՝ օգտագործելով իրենց ներքին ու արտաքին ռեսուրսները:
Սեմինարներին ներկա էին համայնքների ղեկավարներ, ՏԻՄ անդամներ, համայնքների ակտիվ բնակիչներ, ովքեր հետաքրքրվեցին «Բիոսոֆիա» ՀԿ-ի Շիրակի մարզում ունեցած հաջողված պատմություններով՝ հատկապես արևային ջրատաքացուցիչների, չորանոցների և արևային ջեռուցման համակարգի միջոցով ջերմոցային մշակաբույսերի արտադրությամբ, թե ինչպես արևային էներգիան մարդկանց կարիքները հոգալուց բացի, կարող է նաև նրանց եկամտի աղբյուր դառնալ:
Գ. Պետրոսյանն անդրադարձավ նաև համայնքի խնդիրների լուծման համար միջոցների հայթայթման հնարավորություններին, գյուղատնտեսության վարման նոր տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմանը, համայնքների հարմարվողականությանը կլիմայի փոփոխություններին և գյուղաբնակներին հետաքրքրող այլ կարևոր թեմաների:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.941981599209611.1073741941.158335984240847&type=3″]