Հանդիպումներ լեհ գործընկերների հետ

Նոյեմբերի 11-13-ը մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Լեհաստանի Բիելսկո- Բիալա քաղաքի “The Bielsko Artistic Association Grodzki Theatre” հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, նույն քաղաքի կրթության վարչության պատասխանատուների, եվրոպական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղի դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ:
Առաջին հանդիպումը կայացավ “Grodzki Theatre” հասարակական կազմակերպությունում, որտեղ ԿՀԶ ՀԿ անդամները ծանոթացան կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին, շահառու խմբերին և կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին:
Ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպում կայացավ նաեվ Բիելսկո- Բիալա քաղաքի կրթության վարչությունում: ԿՀԶ ՀԿ ղեկավար Գոհար Մարկոսյանը մանրամասնորեն ներկայացրեց կազմակերպության կողմից Հայաստանի դպրոցներում իրականացվող խաղաղության կրթության ծրագիրը, ձեռք բերված հաջողություններն ու ծրագրի դրական ազդեցությունը դպրոցականների վրա: Կազմակերպության անդամները պատասխանեցին կրթության վարչության ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին, քննարկեցին հետագա համագործակցության և Հայաստանում ձեռք բերված փորձի տեղայնացման հնարավորությունները: ԿՀԶ ՀԿ-ն պատրաստակամություն հայտնեց դասընթաց կազմակերպել Բիելսկո-Բիալա քաղաքի մեկ առանձին դպրոցի, կամ դպրոցների ուսուցիչների համար, աջակցել Լեհաստանի դպրոցներում խաղաղության կրթության փորձի տեղայնացման և փորձնական ծրագրերի իրականացման հարցում: Կրթության վարչությանը ներկայացվեց նաև համագործակցության ծրագրի նախնական տարբերակը: Հանդիպման մասնակիցներին տրամադրվեց ԿՀԶ ՀԿ -ի կողմից մշակված մեթոդական ձեռնարկի, խաղաղության կրթության ազդեցության գնահատման հաշվետվության անգլերեն տարբերակները: Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ: Կրթության վարչության պետի տեղակալ տիկին Գրաբոն խոստացավ ավելի մանրամասն ծանոթանալ ուսուցողական նյութերին, վարչության ներսում կազմակերպել առանձին քննարկումներ՝ հնարավոր համագործակցության համար և հնարավորինս կարճ ժամկետներում տեղեկացնել ԿՀԶ ՀԿ-ին:
Հաջորդ հանդիպումը Լեհաստանի, Իռլանդիայի, Իսլանդիայի 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր: Հանդիպումը նպատակ ուներ ներկայացնելու ԿՀԶ ՀԿ-ն և նրա հիմնական գործունեությունը, ստեղծելու նոր համացանց՝ հետագա համագործակցության նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Բիելսկո- Բիալայի երկու դպրոցների ուսուցիչներ, ովքեր ցանկություն հայտնեցին ԿՀԶ ՀԿ կողմից մշակված ձեռնարկներով կոնֆլիկտների կառավարման դասեր անցկացնել իրենց դպրոցներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դասերի ավարտին ԿՀԶ ՀԿ-ի հետ կիսվել ձեռք բերված արդյունքներով, տպավորություններով, դպրոցականների կողմից ծրագրի նկատմամբ ունեցած արձագանքներով:
ԿՀԶ ՀԿ թիմի անդամները հնարավորություն ունեցան հանդիպել նաև դպրոցականների հետ և նրանց փոխանցել «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» մրցույթի հաղթող 12-ամյա Տիգրան Աբաջյանի նկարի հիման վրա տպագրված խաղաղության բացիկը: Կապերը լեհ գործընկերների հետ հաստատված են, հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները՝ առկա:

[fbalbum url=https://web.facebook.com/media/set/?set=a.940657042675400.1073741938.158335984240847&type=3]