Համայնքային այգի Թորոսգյուղում

Չնայած Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ համայնքում դեռ բավականին ցուրտ է, սակայն Համայնքային նոր այգի և ավելի գեղեցիկ համայնք ունենալու ցանկությունը համախմբել է Թորոսգյուղի բնակիչներին, ովքեր արդեն մի քանի օր է կամավոր մասնակցում են նոր այգու պարսպապատման եվ ծառատունկի աշխատանքներին:

Համայնքային այգի հիմնելու գաղափարը բազմիցս է քննարկվել Թորոսգյուղի Համայնքային կենտրոնում կազմակերպված հանդիպումների ժամանակ և համայնքի ակտիվիստները որոշեցին այն կյանքի կոչել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի օգնությամբ:

Ծրագիրն իրականացվում է Համայնքային կենտրոնի եվ գյուղի դպրոցի հետ համատեղ: Ըստ դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանի, համայնքային այգու հիմնումը Թորոսգյուղում նոր մշակույթի ձևավորման սկիզբ կհանդիսանա. «Համայնքային այգու հիմնումը կնպաստի համայնքի առավել համախմբմանը` միաժամանակ խթանելով բնապահպանությունը և համայնքի անդամների ազատ ժամանակի և հանգստի կազմակերպումը: Մարդիկ կսկսեն մտածել ոչ միայն իրենց սեփական տնամերձերի, այլև հանրային սեփականություն հանդիսացող այգին համատեղ խնամելու մասին»:

Համայնքային ավագանու որոշմամբ այգու համար հատկացվել է մոտ 1հա տարածք, որն արդեն պարսպապատվել է և ձեռք են բերվել որոգման համար անհրաժեշտ խողովակներ՝ ԿՀԶ ՀԿ ներդրած ֆինանսական միջոցներով: Համայնքային այգի հիմնելու գործում իր ներդրումն է ունեցել նաև «Հայաստանի ծառատունկ ծրագիրը» (“Armenia Tree Project”)՝ 250 թխկի և հացենու տնկիներ տրամադրելով համայնքին:

Համայնքային այգու գաղափարը մեծ ոգևորություն է առաջացրել համայնքի բնակիչների մոտ: Համայնքի բնակիչները, դպրոցական հանրույթն ու աշակերտները պատրաստակամ են կամավոր իրականացնել  այգին հիմնելու և հետագա խնամքի հետ կապված բոլոր աշխատանքները: Յուրաքանչյուր ընտանիք կունենա իր անվանական ծառը, որի խնամքը կպարտավորվի իրականացնել հետագայում:  Հողակտորը ապահովված է ջրով, որը այգու հետագա մշակումը ավելի դյուրին կդարձնի: Համայնքի ուժերով նախատեսվում է նաև նստարանների տեղադրում: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ այգու համար հատկացված հողակտորը գտնվում է գյուղի եկեղեցու մոտակայքում: Ծրագրի պատասխանատուները համոզված են, որ նոր հիմնված այգին կդառնա հանգստի գոտի ոչ միայն համայնքի բնակչության այլև գյուղ այցելող հյուրերի համար:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.837604229647349.1073741923.158335984240847&type=1″ slider=”1″]