2024թ․ հունվարի 25-ին Փարիզում կայացավ «Սմարթ խաղաղության մրցանակ» (Smart Peace Prize) ամենամյա մրցանակաբաշխությունը, որին որպես նոմինանտ, պատիվ ուներ մասնակցելու նաև «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը։
Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացնենք, որ կոնֆլիկտների կառավարման կրթության ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքի, ուսուցումը դպրոցական կրթական համակարգ ներմուծելու և վաղ տարիքից երեխաների մեջ կոնֆլիկտների կառավարման հմտություններն ու գիտելիքները սերմանելուն ուղղված հետևողական ջանքերի համար մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ այս տարվա «Սմարթ խաղաղության մրցանակը» շնորհվեց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ին՝ ի դեմս նախագահ Գոհար Մարկոսյանի։
Ամենամյա մրցանակաբաշխության գաղափարն առաջ է քաշվել 2019թ․ «Առաջնորդներն հանուն խաղաղության» (Leaders for Peace) հասարակական կազմակերպության կողմից, որն իր շուրջ է համախմբել աշխարհի ավելի քան 40 առաջատար քաղաքական գործիչների ու ազդեցիկ առաջնորդների, ովքեր մեծ փորձ ունեն տարբեր զգայուն թեմաների լուծման և ճգնաժամային իրավիճակներում աշխատելու գործում։
«Առաջնորդներն հանուն խաղաղության» կազմակերպությունն հիմնադրել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարին՝ նպատակ ունենալով համատեղել ազդեցիկ քաղաքական գործիչների ջանքերը կոնֆլիկտների նվազեցման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ կրթության ու իրազեկության բարձրացման միջոցով։
Մրցանակը հանդիսավորությամբ Գ․ Մարկոսյանին հանձնեց Արևելյան Թիմորի նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Ռամուշ-Օրտան՝ ընդգծելով կազմակերպության ունեցած մեծ ներդրումը Հայաստանում խաղաղության մշակույթի տարածման գործում:
Ողջունելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` ԿՀԶ ՀԿ գործունեությունն ու երկարամյա աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար, Գ․ Մարկոսյանը նշեց․
«2002 թվականին, երբ նոր էինք դպրոցներում սկսել Կոնֆլիկտների կառավարման կրթություն ծրագիրը, ես հաճախ էի իմ ելույթներում կրկնում, որ այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք խաղաղության՝ չպատկերացնելով անգամ, որ իմ այս խոսքերն արդիական կլինեն մինչ այսօր և ինքս ավելի խորությամբ կզգամ խաղաղության կարիքը Լեռնային Ղարաբաղում ու աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող պատերազմների ֆոնին։ Հետհայացք գցելով 2002թ-ին, հարկ է նշել, որ Հայաստանն այդ ժամանակահատվածում բախվել էր այնպիսի մարտահրավերների ինչպիսիք էին աղքատության ու գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նաև մինչև այսօր չլուծված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սոցիալական այս խնդիրները բնականաբար իրենց արտացոլումն էին գտնում ընտանիքներում ու դպրոցներում՝ դառնալով վեճերի ու կոնֆլիկտների պատճառ դպրոցականների միջև։ Եվ հենց այդ ժամանակ մենք հասկացանք կոնֆլիկտների կառավարման կրթության ու երեխաներին մեջ կարեկցանքի, միմյանց նկատմամբ հարգանքի, խաղաղության մշակույթի գաղափարներ սերմանելու անհրաժեշտությունը՝ հետագա կոնֆլիկտներն ու բռնությունները կանխելու նպատակով։
Շատ դժվարին էր մեր ճանապարհը, քանզի Հայաստանում այս հայեցակարգը բոլորովին նոր էր, ուսուցանելու համար չկային համապատասխան նյութեր ու ձեռնարկներ, շատերը դժվարությամբ էին ընդունում նոր գաղափարները, բայց այդ ամենը մենք սիրով ու համախմբվածությամբ հաղթահարեցինք, քանզի մեր առջև ունեինք մեծ նպատակ ու առաքելություն։
Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր կողմից կազմված մեթոդական ձեռնարկներով ու նյութերով վերապատրաստվել են Հայաստանի 850 դպրոցների ավելի քան 6000 ուսուցիչներ, ուսուցում են անցել ավելի քան 70․000 դպրոցականներ ու մոտ 1500 ծնողեր: Մեր հաջողությունը հնարավոր դարձավ նվիրված թիմի, ճիշտ ընտրված կրթական ռազմավարության, գործի նվիրյալ մասնագետների, ուսուցիչների, ուսանողների, ծնողների և իհարկե մեր հիմնական ֆինանսական աջակից «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համակարգված աշխատանքի արդյունքում և անչափ շնորհակալ ենք, որ մեր երկարամյա տարիների քրտնաջան աշխատանքը նման բարձր գնահատականի է արժանացել ձեր կողմից։
Վերջին հակամարտություններն ու պատերազմները մեկ անգամ ևս ընդգծում են խաղաղության և կոնֆլիկտների կառավարման կրթության ուսուցման անհրաժեշտությունը վաղ տարիքից և ինչպես նշեցի ելույթիս սկզբում, այժմ ևս կկրկնեմ, որ այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք խաղաղության՝ արժանապատիվ խաղաղության, որին մեր հնագույն ժողովուրդն արժանի է։ Ուստի դիմում եմ ձեզ՝ մեծարգո տիկնայք և պարոնայք, եկե՛ք բոլորս միասին ձեռք-ձեռքի տված աշխատենք խաղաղության կրթության ուղղությամբ ամբողջ աշխարհում, որպեսզի եկող սերունդն արդեն կարողանա գործնականում կիրառել ու պահպանել այն թե՛ տարածաշրջանում և թե ամբողջ աշխարհում»։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ին շնորհված անվանական մրցանակը պատրաստվել է իրանցի ճանաչված նկարիչ-քանդակագործ Մարիամ Ագարի կողմից։
Գոհար Մարկոսյանը ԿՀԶ ՀԿ անունից «Առաջնորդներն հանուն խաղաղության» կազմակերպությանը նվիրեց «Խաղաղության դաս» խորագրով խորհրդանշական նկարը, որը պատկերել էր Գյումրու Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 13-ամյա սան Անժելիկա Թադևոսյանը՝ 2018թ․ ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարված «Խաղաղության ուժը» խորագրով նկարչական մրցույթի շրջանակներում։
Միջոցառման տեսարժան պահերը կարող եք գտնել տեսանյութում։