Եվս մեկ ժապավեն կտրվեց ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում

30.09.2019

Հանդիսությունների սրահի բացման խորհրդանշական ժապավենն այս անգամ կտրվեց Անուշավան համայնքում, որին հաջորդեց սրահի օծման ու օրհնության կարգը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Անուշավանի Արվեստի դպրոցի տնօրեն, երիտասարդական ակտիվ խմբի համակարգող Մանե Վարդանյանը, ով մանրամասն հաշվետվություն ներկայացրեց մինչ այսօր ԿՀԶ ՀԿ-ի հետ համայնքում իրականացրած համատեղ ծրագրերի և դրանց արդյունքում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։

Հանդիսությունների սրահ ունենալն համայնքի առաջնահերթ հիմնախնդիրներից էր, որը հնարավոր եղավ կյանքի կոչել Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։ Սրահի վերանորոգումն իրականացվել է բարերար Անուշավան Գալոյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք է բերվել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Անուշավանի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով։ Ողջ գույքը պատրաստվել է համայնքի անդամների կողմից կամավոր հիմունքներով։  Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել նաև բարձրախոսներ և նվագարկիչ, որոնք օգտագործվելու են ինչպես հանդիսությունների սրահի, այնպես էլ Արվեստի դպրոցի միջոցառումների համար։

Ինչպես իր խոսքում նշեց համայնքապետ Երվանդ Հակոբյանը, սրահը բազմաֆունկցիոնալ է լինելու։ Այն ծառայելու է ոչ միայն համայնքային մեծամասշտաբ միջոցառումներին, այլ նաև լինելու է շախմատի դասասենյակ, ինչպես նաև օգտագործվելու է երիտասարդական ակտիվ խմբի հանդիպումների, դասընթացների ու համայնքային ժողովների անցկացման համար։

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նույնպես շնորհավորեց համայնքի բնակիչներին գեղեցիկ ու հարմարավետ սրահ ունենալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց համայնքապետարանին, երիտասարդական ակտիվ խմբի անդամներին, կամավորներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել ծրագրի իրականացման գործում․ «Ինչքան էլ մեր կազմակերպությունը ցանկանա որևէ բան անել համայնքում, միևնույն է չի ստացվի, եթե չլինի համայնքի աջակցությունն ու շահագրգռվածությունը։ Մեր բոլորի հաջողությունը պայմանավորված է փոխադարձ համագործակցությամբ ու վստահությամբ։ Համոզված եմ, որ հետագույում ևս կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ ի նպաստ համայնքի զարգացման», – նշեց Գ․ Մարկոսյանը։

Երիտասարդական խմբի անունից շնորհակալագրեր հանձնվեցին ԿՀԶ ՀԿ-ին և Անուշավանի համայնքապետ Ե․ Հակոբյանին՝ համայնքում մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և երիտասարդական կյանքի աշխուժացմանը նպաստելու համար,  իսկ Անուշավանի պարի ստուդիայի փոքրիկ սաներն իրենց գեղեցիկ ելույթներվ ամբողջացրեցին տոնական միջոցառումը։

 

 Լուսանկարներ