«Երիտասարդներն հանուն խաղաղության» միջազգային երիտասարդական հավաք

berlin

500 երիտասարդներ 45 երկրներից նոյեմբերի 14-18-ը մասնակցեցին Բեռլինում կայացած «Երիտասարդներն հանուն խաղաղության։ Համաշխարհային I պատերազմից 100 տարի անց: Խաղաղության 100 գաղափար» խորագրով միջազգային երիտասարդական հավաքին՝ նվիրված Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին։ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ծրագրի օգնական Անահիտ Հակոբյանը նույնպես մասնակցում էր այս հանդիպմանը։ Միջոցառման նպատակն էր նպաստել երկրների միջև միջմշակութային երկխոսությանը, ինչպես նաև երիտասարդներինհնարավորություն տալ խորհելու այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Համաշխարհային պատերազմի ավարտին՝ 100 տարի առաջ և բացահայտելու դրանց թողած ազդեցությունը պատերազմում ներգրավված երկրների ու նրանց այսօրվա հասարակության վրա։
20 խմբերի բաժանված տարբեր երկրների երիտասարդներ երեք օր միասին աշխատեցին և մշակեցին խաղաղության հասնելու կոնկրետ գաղափարներ ու քայլեր։ Խմբային աշխատանքների արդյունքում մշակվեցին խաղաղության 20 գաղափարներ, որոնք բոլորն էլ շատ բազմազան էին ու հետաքրքիր և հիմնականում կապված էին կրթության, փոխանակման ծրագրերի ու առցանց հարթակների ստեղծման հետ, որոնք կնպաստեն խաղաղության ստեղծմանը։

Միջոցառման ծրագիրը բաղկացած էր բացման և փակման արարողություններից, որին իրենց մասնակցությունը բերեցին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը և շատ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ովքեր նույնպես ընդգծեցին խաղաղության կարևորությունն ու հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը միմյանց միջև երկխոսություն ստեղծելու և խաղաղության խթանման գործընթացներում։

Հանդիպման ավարտին մշակված 20 գաղափարներից ներկայացվեցին լավագույն 3-ը, որոնք հավանության արժանացան հրավիրված քաղաքական գործիչների կողմից՝ այդպիսով հնարավորություն տալով երիտասարդներին իրագործելու գաղափարները իրենց և հարևան երկրներում նոր հարաբերությունների կառուցման, ինչպես նաև բռնություններից զերծ, խաղաղ ապագայի կերտման գործում։

 20.11.2018

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.2315428548531569.1073742041.158335984240847&type=1″]