Ուսուցողական հանդիպում և փորձի փոխանակում

ԿՀԶ ՀԿ շահառու՝ Թորոսգյուղ, Ցողամարգ և Լանջիկ համայնքներում ձևավորված Ֆորում թատրոնի խմբակների անդամների համար անցկացվեց ուսուցողական հանդիպում, որը նպատակ ուներ ամփոփել «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով անցկացված դասընթացների շարքը, ինչպես նաև կիսվել փորձով ու առավել սերտ կապեր հաստատել շահառու համայնքների դպրոցականների միջև։

ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանի կողմից անցկացված ինտերակտիվ ուսուցումն ու խաղերն օգնեցին առավել լավ յուրացնել թեմաները և անմիջական մթնոլորտ ստեղծել մասնակիցների միջև։
Թորոսգյուղի Ֆորում-թատրոն խմբակի անդամները հանդիպման մասնակիցների համար պատրաստել էին փոքրիկ բեմականացում, որը մեծ աշխուժություն առաջացրեց  ներկաների մոտ։ Վերջիններս մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին փոխարինել «դերասաններին» և սցենարն ուղղորդել այնպես, որ ներկայացված կոնֆլիկտը դրական լուծում ստանա։

Հանդիպման ավարտին մասնակիցները նշեցին, որ դասընթացը շատ հետաքրքիր էր, տարբերվող ու հագեցած։ Անցկացված խաղերն իրենց սովորեցրեցին համագործակցել միմյանց հետ, կոնֆլիկտներին նայել դիմացինի տեսանկյունից և ուղղորդել այն դեպի խաղաղ հանգուցալուծում։ Երեխաների մեծ մասը ցանկություն հայտնեց ավելի հաճախ կազմակերպել նման հանդիպումներ, որոնք նոր գիտելիքներից բացի առիթ են նաև նոր ընկերներ ձեռք բերելու և իրենց հուզող թեմաների շուրջ միասին քննարկումներ կազմակերպելու համար։