Շուրջ մեկ տարի է, ինչ Ցողամարգ համայնքում գործում է պարի խմբակ, որի թվով 35 սաներ ուսանում են հայկական ազգագրական պարեր: Երեխաները խանդավառությամբ են հաճախում պարապմունքներին եվ մեծ ցանկություն ունեն համերգներով ներկայանալ տարբեր բեմերում, մասնակցել տարբեր մրցույթների ու փառատոնների: Գյումրու «Ընտանիք» կենտրոնի պարուսույց Եղիշե Դավթյանի շնորհիվ խմբակն ունի ընդգրկուն պարային ծրագիր եվ երեխաներն արդեն բավականաչափ պատրաստված են՝ տարբեր մրցույթներում հաջողությամբ ելույթ ունենալու համար: Սակայն բեմական համապատասխան հագուստ չունենալու պատճառով նույնիսկ շատ լավ բեմադրված համարները չեն ունենում սպասված որակն ու չեն ապահովում խմբակի ներկայանալի կողմը:
Տեսնելով պարուսույցի նվիրված աշխատանքն ու երեխաների հաջողությունները, ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի երրորդ փուլին Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավորների կողմից կազմակերպությանը ներկայացվեց «Ազգային տարազներ Ցողամարգի պարի խմբի համար» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի ձեռք բերել հայկական ազգային տարազներ Ցողամարգում գործող մեծահասակների պարի խմբի թվով 20 սաների համար, ինչը ոչ միայն կնպաստի համայնքի մշակութային կյանքի զարգացմանը, այլեվ հնարավորություն կտա բեմականացնելու նոր պարեր եվ հանդես գալ տարբեր միջոցառումների ու մրցույթների ժամանակ:
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու նաեվ կանանց ձեռներեցության զարգացմանը, քանզի ըստ ծրագրի, համայնքից ընտրված երկու կանայք կհաճախեն դերձակության դասընթացների իրենց գյուղի հմուտ եվ փորձառու դերձակի մոտ, ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ եվ դերձակի հետ միասին կկարեն ազգային տարազները, ինչն էլ կլինի համայնքի ներդրումը ծրագրին: Դասընթացներից հետո երկու մասնակիցներն արդեն կունենան հիմնական գիտելիքներ, եվ ցանկության դեպքում կկարողանան հետագայում վճարովի պատվեների կատարել:
Ծրագիրը նախատեսված էր իրականացվել 3 փուլով՝
- Դերձակության դասընթացների անցկացում եվ տեսական գիտելիքների ձեռքբերում,
- 2 տեսակի հայկական ազգային տարազների մոդելավորում, համապատասխան կտորի եվ աքսեսուարների ձեռքբերում,
- Հագուստների կարում՝ ուսուցանված երիտասարդ կանանց եվ փորձառու դերձակի կողմից:
Մարտ ամսից մեկնարկած դերձակության դասերի տեսական մասն արդեն ավարտվել է եվ գյուղի երկու երիտասարդ կանայք՝ Նուռա Մոսեյանն ու Ազնիվ Սարգսյանը ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ համայնքի հմուտ դերձակ Քնարիկ Նիկոլյանի շնորհիվ: Ծրագրի նախաձեռնող Արփինե Նիկոլյանի եվ դերձակի հետ համատեղ ավարտվել են նաեվ պարի հագուստների մոդելավորման աշխատանքները ու ներկա պահին ընթացքի մեջ են հագուստների կարումն ու համապատասխան աքսեսուարների պատրաստումը:
Զգեստները մոդելավորվել են այնպես, որ երկու տիպի տարազների համադրության արդյունքում ստացվել են 3 տարբեր տարազներ, որոնք թույլ կտանք բեմականացնել ավելի մեծ թվով ազգային պարեր: Ձեռք են բերվել նաեվ կոշիկներ՝ մեծահասակների խմբի բոլոր սաների համար:
Ծրագրի նախաձեռնող խմբի եվ զգեստները պատրաստող կանանց նվիրված աշխատանքն ու խանդավառությունը փոխանցվել է նաեվ ողջ համայնքին: Համայնքապետ Գնել Բարսեղյանը, տեսնելով գեղեցիկ ու որակյալ կարված զգեստները, գումար է տրամադրել փոքրերի պարի խմբի սաներին նույնպես հագուստներ կարելու համար, իսկ ծնողների նախաձեռնությամբ ձեռք են բերվել համապատասխան վերնաշապիկներ ու շալվարներ՝ տղաների հանդերձանքն ամբողջացնելու համար:
Շատ շուտով Ցողամարգի պարի խումբն համայնքին կներկայան համերգային նոր ծրագրով ու բեմական նոր հանդերձանքով:
Շնորհակալություն ենք հայտնում Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավոր,
ծրագրի նախաձեռնող Արփինե Նիկոլյանին՝ լուսանկարները մեզ տրամադրելու համար:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1043898569017913.1073741965.158335984240847&type=3″]