«Կոնֆլիկտների կառավարման կրթություն» դպրոցներում ծրագրի շրջանակներում անցկացված մոնիտորինգի արդյունքում ԿՀԶ ՀԿ-ն ուսուցիչներից և աշակերտներից ստացել է բազմաթիվ կարծքիներ ու առաջարկություններ՝ ծրագրի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզի Զոլաքար դպրոցի ՄԿԱԳ փոխտնօրեն Գագիկ Գրիգորյանի արձագանքը ծրագրին:
Աշակերտների միջեւ կոնֆլիկտները միշտ եղել են ու կլինեն՝ հատկապես դեռահասների մոտ: Դա նրանց տարիքին բնորոշ առանձնահատկություններից է, սակայն ցանկացած դաստիարակչական աշխատանք ունենում է իր ազդեցությունը: Խնդիրը աշակերտների մոտ կոնֆլիկտների լուծման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է: Այս դասընթացից հետո որոշ դրական փոփոխություն եմ զգում կոնֆլիկտային աշակերտների մեջ, իսկ մյուս աշակերտներն ավելի հանդուրժող են դարձել: Իմ դիտարկմամբ, մեր դպրոցի 508 աշակերտներից 46-ը առավել կոնֆլիկտային են, որոնցից գրեթե կեսի մոտ նկատում եմ փոփոխություն դասընթացից հետո: Օրինակ՝ 11-րդ դասարանի մի աշակերտ վիճել էր ուսուցչի հետ եվ իր կարծիքով մեղավորը ուսուցիչն էր: Դասընթացից հետո նա մի օր եկավ իմ աշխատասենյակ եվ խնդրեց մեկ անգամ եվս լսեմ, թե ինչպես է տեղի ունեցել կոնֆլիկտը: Ուշագրավն այն է, որ այս անգամ նրա պատմածի մեջ ավելացել էին հետեվյալ արտահայտությունները՝ «ես շատ լարված էի այդ օրը», «ես ինձ վատ պահեցի», «գիտեմ, որ ուսուցիչն իմ լավն է ուզում», «պետք չէր պահի ազդեցության տակ գործել» եվ այլն: Այսինքն՝ դասերի ընթացքում ստացած գիտելիքները նստվածք են տվել եվ ամենակարեվորն է՝ աշակերտը ինքն է վերլուծել տեղի ունեցածը եվ օբյեկտիվորեն գտել իր սխալները:
Ես ոչ միայն հավատում եմ, այեվ վստահ եմ, որ նման ուսուցումը շատ անհրաժեշտ է, որ այն անպայման կօգնի վաղվա զինվորին ավելի հեշտ ծառայել, աղջիկներին կօգնի ավելի ողջամիտ լինել ընտանիքում, սակայն ավելի մեծ դրական արդյունք ունենալու համար աշխատանքը պետք է լինի հետեվողական ու շարունակական, ընդգրկի բոլոր դպրոցները: Պետք է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը՝ դասղեկների եվ աշակերտների հետ միասին, առավել ակտիվ աշխատի հատկապես կոնֆլիկտային երեխաների հետ, նրանց անմիջական մասնակցությամբ կազմակերպի կոնկրետ կոնֆլիկտային իրավիճակներին վերաբերող բաց դասեր, բեմադրություններ:
Գագիկ Գրիգորյան
Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջն. դպրոցի ՄԿԱԳ փոխտնօրեն