Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով նկարչական ցուցահանդեսը։ Մրցույթն իրականացվել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ), Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:
Ծրագրի նպատակն է հայաստանյան և միջազգային լայն հանրությանը ներկայացնել հայ դպրոցականների խաղաղությանն ուղղված ձայնը, նրանց ցանկությունը՝ ունենալու հարևանների հետ խաղաղ ապրող Հայաստան:
Մրցույթին մասնակցեցին 165 դպրոցականներ՝ Հայաստանի 8 մարզերից: Հանձնաժողովի որոշմամբ մրցանակային երեք տեղերից բացի ընտրվեցին նաև 50 լավագույն աշխատանքներ, որոնք ներկայացված էին այսօր կայացած ցուցահանդեսի ժամանակ:
Բացման խոսքով ներկաներին դիմեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն՝ նշելով. «Խաղաղությունը՝ որպես ՄԱԿ-ի առաջին հիմնասյուն, իր 70 տարիների ընթացքում մարտահրավերների է ենթարկվել: Եվ հատկապես Խաղաղության համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 21-ը, այս տարի համընկավ սարսափելի բռնությունների և ապակայունացնող հակամարտությունների ժամանակաշրջանի հետ: Մարդիկ ցանկանում են և կարիք ունեն խաղաղ ապրելու և արժանապատիվ կյանքով, ինչպես նաև լինեն ապահով ու պաշտպանված»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, ով ներկայացրեց նկարչական մրցույթի նպատակն ու ձեռք բերված արդյունքները. «Մրցույթի գաղափարն ինքնին անչափ արդիական է՝ այսօր, առավել քան երբևէ, մարդկությունը կարիք ունի խաղաղության: Աշխարհի տարբեր ծայրերում ամեն օր զոհվում են խաղաղ մարդիկ, երեխաներ, ծերեր: Խաղաղ հարևանություն ունենալու համար անհրաժեշտ է առաջնորդվել ընդամենը մեկ պարզ գաղափարախոսությամբ՝ բոլոր տեսակի կոնֆլիկտները լուծելի են, եթե հարևանությամբ ապրող մարդիկ ցանկություն ունեն խաղաղ ապրելու…»,- իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:
Միջոցառմանը ներկա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը նույնպես իր ելույթում կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը, քանի որ նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարբեր կազմակերպությունների ջանքերին, լսելի դարձնում հայ դպրոցականների խաղաղությանն ուղղված կոչերը, ինչն այսօր չափազանց կարևոր է բոլորիս համար:
Ցուցահանդեսում ընդգրկված 50 լավագույն աշխատանքների հեղինակներին և մրցանակային 3 տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ, մասնակցություն վկայականներ ու ՄԱԿ-ի 70-ամյակը խորհրդանշող հատուկ նվերներ: Մրցանակային առաջին տեղը զբաղեցրած աշխատանքի հիման վրա տպագրվել էր հատուկ բացիկ, որը բաժանվեց ներկաներին:
Ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բաց կլինի մինչև հոկտեմբեր ամսվա վերջ և նվիրվում է ՄԱԿ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանին:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.967173703341698.1073741893.150992104959866&type=3″]
Ցուցահանդեսի այլ նկարներ կարող եք դիտել նաեվ հետեվյալ հղումով՝ «Ապրենք խաղաղ մեր հարեվանների հետ»