Տարեկան հաշվետվությունների ներկայացում եվ արդյունքների քննարկում

ԿՀԶ ՀԿ գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Համայնքային կենտրոնների պատասխանատուները ներկայացրեցին հաշվետվություններ՝ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նոր ձեվաչափով՝ Power Point ծրագրով ներկայացված հաշվետվություններն առավել հետաքրքիր ու տպավորիչ դարձրեցին անցկացված միջոցառումների մասին զեկույցները:

Պատասխանատուներն առանձնացրեցին իրենց համայնքներում անցկացված հատկապես մեծամասշտաբ միջոցառումները, որոնց մասնակցել է ողջ համայնքը եվ որոնք դրական ազդեցություն են ունեցել բնակիչներին համախմբելու գործում:

«Պարի խմբի համար հագուստներ ձեռք բերելուց հետո երեխաներն ավելի մեծ ոգեվությամբ են սկսել պարապել, ավելացել է պարի դասընթացներին հաճախել ցանկացողների թիվը, մեծացել է նաեվ համայնքի հետաքրքրվածությունը մեր կենտրոնի հանդեպ։»,-նշեց Թորոսգյուղի պատասխանատու Մ. Ղուկասյանը: «ԿՀԶ ՀԿ-ն բոլորիս հասցրեց այն գիտակցության, որ մենք սկսեցինք միասնական գործել, ինքնուրույն մտածել մեր խնդիրների մասին, իսկ համայնքային այգի հիմնելու գաղափարը ոգեվորել է բոլորին։ Ամենակարեվորն արած գործի արդյունքը տեսնելն է, համայնքի բնակիչների աջակցությունն ու վստահությունը ձեռք բերելը, որն այսօր բոլորն են տեսնում»։

Լանջիկի պատասխանատու Ա․ Առաքելյանը նույնպես կարեվորեց մեծամասշտաբ համայնքային միջոցառումների անցկացումը՝ որպես համայնքի համախմբման լավագույն միջոց․ «Նախորդ տարվա ընթացքում անցկացված բազմաթիվ հաջողված միջոցառումներից, սակայն կուզենամ առանձնացնել Ձմեռ պապի եվ Ձյունանուշի հագուստների ձեռքբերումը, որն իսկապես մեծ անակնկալ էր բոլորիս համար։ Հագուստներն այնքան գեղեցիկ ու պրոֆեսիոնալ էին, որ կարծես իրական հեքիաթից վերցված լինեին։ Գյուղի երկու անհատ բարերարների եվ գյուղապետի օգնությամբ  Ձմեռ պապը լիքը տոպրակով դիմավորեց համայնքի բոլոր երեխաներին, իսկ այնուհետեվ գյուղապետարանի եվ համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ  Ձմեռ պապն ու Ձյունանուշը շրջեցին գյուղի բոլոր տներով՝ անակնկալի բերելով եվ ուրախություն պարգեվելով բոլորին։ Դեռեվս չէր եղել այնպիսի միջոցառում, որին մասնակից լինեին անխտիր բոլոր բնակիչները եվ սա այն եզակի դեպքերից էր, որի արդյունքում բոլորը գոհ էին եվ միաբերան շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին»։

Համայնքային կենտրոնների պատասխանատուները նշեցին նաեվ վարսահարդարման՝  «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրի կարեվորությունը, որի դրական արդյունքներն, ըստ նրանց, շուտով տեսանելի կլինեն համայնքներում։

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.801341856606920.1073741919.158335984240847&type=3&uploaded=11″ slider=”1″]