Պատմա-աշխարհագրական ակնարկ
Մակերեսը` 19.8կմ2
Բնակչություն` 336
Արփենի գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, մարզկենտրոնից 55կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայանստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին:
Մինչ 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը: Նախկինում ունեցել է նաև Փալըթլի, Փալտլի, Փալութլու, Փալուտ, Փալուտլի անվանումները: Արփենի է վերանվանվել 1978 թ-ին: Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և համարյա ամբողջովին տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի: Գյուղը գտնվում է լեռնահովտում` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:
Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բուծում են հիմնականում խոշոր եղջերավոր (կովեր) և մանր եղջերավոր (ոչխարներ, այծեր) կենդանիներ ու թռչուններ (հավեր, հազվադեպ` սագ և բադ), երբեմն նաև` խոզեր և ճագարներ: Արփենիում զարգանում է նաև մեղվաբուծությունը: Գյուղում մշակում են հիմնականում կարտոֆիլ: Այգեգործությունը բավարար չափով զարգացած չէ: Գյուղի համար կարևոր հիմնախնդիր է համարվում հակա-կարկտային կայանի տեղադրումը և որևէ արտադրության կազմակերպումը, որպեսզի գյուղում աշխատատեղեր լինեն:
Դպրոցը հիմնադրվել է 1911 թ., իսկ 1991 թ. կառուցվել է նոր` տիպային երկհարկ շենք: 1992 թ. համայնքում սկսել է գործել մշակույթի տունը, 2012 թ.-ից` մանկապարտեզը:
Գյուղը գազաֆիկացված չէ, չունի հեռախոսակապ:
Այժմյան գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 51,5 հա, իսկ բնակչությունը կազմում է` 410 մարդ:
Գյուղն ունի 88 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ:
Գյուղն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին:
Արփենիի «Համայնքային կենտրոն»
Արփենի համայնքում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2011թ.-ին ստեղծվել է Համայնքային կենտրոն, որի նպատակն է խրախուսել առողջ և խաղաղ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը համայնքում՝ աջակցելով խաղաղ և առողջ միջավայրի ստեղծմանը: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում զարգացնելու հետաքրքրություն և մասնակցային մոտեցում Արփենի համայնքի անդամների շրջանում՝ ձևավորելու խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման մշակույթ, զարգացնելու առողջության պահպանման և առողջ ապրելակերպի հմտություններ Արփենի համայնքի անդամների շրջանում, ակտիվացնելու աշխատանքը խաղաղասեր և առողջ կենտրոնների ինստիտուցիոնալացման ուղղությամբ:
Համայնքային կենտրոնի գոյության 2 տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվիստների խումբ, որոնց մասնակցությամբ աշխատանքներ են տարվում վեր հանելու համայնքի առաջնային խնդիրները և փորձում լուծել դրանք:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ եւ «Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցի եւ մանկապարտեզի աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքի անդամների հետ համատեղ մշակվել է Արփենի համայնքի 2013-2014թթ. համալիր զարգացման պլանը: Ռազմավարական ծրագիրը սահմանում է համայնքի զարգացման հիմնական ուղղությունները 2 տարիների համար: Այն կդառնա ուղեցույց համայնքային ծառայությունների մակարդակի և որակի պահպանման, խթանման ու բարձրացման համար: Մեծ ազդեցություն կունենա համայնքի բնակիչների համախմբման ու համայնքի խնդիրներին մասնակցության բարձրացման գործում: