Ձեռներեցության զարգացում

Մենք  կարևորում  ենք  կանանց  ներգրավվածությունը  ձեռներեցության  ոլորտում՝  սեփական  ներուժի  արդյունավետ իրացման, աղքատության  և  աշխատանքային  միգրացիայի  նվազեցման,  տնտեսական կայունության,  ֆինանսական  անկախության  և  համայնքների  զարգացման  համար։

Գաղտնիք  չէ,  որ  մեր երկրում գյուղաբնակ  կանայք  շատ  հաճախ  չունեն հավասար  հնարավորություններ  իրենց  սեփական  բիզնեսը  հիմնելու  և  ձեռնարկատիրական  գործունեությամբ  զբաղվելու։ Այստեղ  կան  ինչպես  օբյեկտիվ՝ գիտելիքների  և  հմտությունների  պակաս,  այնպես  էլ  սուբյեկտիվ  պատճառներ՝  անվստահություն  սեփական  ուժերի  նկատմամբ,  կարծրատիպերի  առկայություն  և  այլն։ Իր  գործունեության  ողջ  ընթացքում  կազմակերպութունն  ուշադրության  կենտրոնում  է  պահել  կանանց  հիմնախնդիրներն  ու  կարիքները,  իսկ  2018թ-ից  սկսած առանձնակի  կարևորել  է  կանանց և երիտասարդ  աղջիկների  ձեռնարկատիրական  ունակությունների զարգացումն ու նոր  հնարավորությունների  խթանումը։

Շահառու  համայնքներում  անցկացրած  սեփական  հետազոտությունների վերլուծություննները  ցույց  են  տվել,  որ  գյուղաբնակ  կանայք  ու  աղջիկներն  ունեն  գործարարությամբ  զբաղվելու  մեծ  ներուժ,  նորը  սովորելու  ցանկություն  և  պատրաստակամություն։ Քանի  որ  համայնքներում կազմակերպության  նկատմամբ արդեն իսկ կար  մեծ  վստահություն,  մեզ  մնում  էր  միայն    ուղղորդել  կանանց  և  երիտասարդ  աղջիկներին,  խթանել  նրանց  մասնակցությունը  բիզնես  դասընթացներին,  առանձին  հաջողված  օրինակներով  ցույց  տալ,  որ  պետք  չէ  վախենալ  և  իրենք  ևս  կարող  են  փորձել  իրենց  փոքրիկ  քայլերը  սեփական  բիզնեսը  զարգացնելու  ուղղությամբ։  2014թ-ին  մեկնարկած  «Տնտեսական  կայունություն  մասնագիտացված  կրթության  միջոցով»  ծրագիրը  առաջին  հաջողված  բիզնես  գաղափարն  էր  կազմակերպության  համար,  որը  ճանապարհ  հարթեց  հետագա  ծրագրերի  համար։

Կազմակերպվող  դասընթացների,  շարունակական  խորհրդատվության,  բիզնես  դրամաշնորհների  արդյունքում  վերջին  մի  քանի  տարիների  ընթացքում  տարբեր  ծրագրերում  ընդգրկված  մեր    շահառուները  հնարավորություն  ստացան  կյանքի  կոչել  իրենց  բիզնես  գաղափարները,  ընդլայնել  գործող  բիզնեսները։

Այսօր  արդեն  ԿՀԶ  ՀԿ  աջակցությամբ  շահառու  համայնքներում  հիմնվել  են  28  փոքր  բիզնեսներ,  որոնց  ավելի  քան  62  տոկոսը  ղեկավարում  են  կանայք։

Հավատացած  ենք,  որ  գյուղական  համայնքներում  կանանց  տնտեսական  հզորացմանը  միտված  ծրագրերի  իրականացման,  կանանց  կարողությունների  բարձրացման  ու  դերակատարության  արժևորման  պարագայում  հնարավոր  կլինի  հասնել  աղքատության  և  աշխատանքային  միգրացիայի  նվազեցման,  ընտանիքների  տնտեսական  կայունության,  իսկ  բիզնեսով  զբաղվող  կանանց  հաջողության  պատմությունները  ոգեշնչման  աղբյուր  կհանդիսանան  նաև  այլ  կանանց  համար։

Ֆինանսավորված բիզնես ծրագրեր

Ընտանեկան հյուրատուն Մեղրաշատում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում, բիզնես պլանի կազմում» դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից մշակված և ներկայացված լավագույն 5 բիզնես գաղափարներն արդեն իսկ ֆինանսավորվել են` հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ սկսնակ ձեռներեցներին իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի։ Ֆինանսավորված գաղափարներից մեկը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող ընտանեկան հյուրատան վերանորոգման ու պարսպապատման ծրագիրն է, որը նպատակ ունի առավել հարմարավետ ու անվտանգ դարձնել այցելուների հանգիստը։
Հյուրատան մասին տեղեկատվություն տարածելու, գովազդելու և առավել մեծ թվով այցելուներ ներգրավելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն իսկ բացվել է Granny’s House – Family Guest House in Meghrashat էջը։ Հյուրատան մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի նաև սոցիալական այլ ցանցերում ևս։
Ռիմա Ղազարյանի կողմից ներկայացված հյուրատան գաղափարին և առաջարկվող ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/GuesthouseinMeghrashat/

 «Լիլիթ» խմորեղեն

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ բիզնես գաղափարը Ցողամարգ համայնքում խմորեղենի փոքրիկ արտադրամասի հիմնումն է։ Գաղափարը ներկայացվել է Ցողամարգի բնակչուհի Ելիզավետա Մկրտչյանի կողմից՝ նպատակ ունենալով իր և հարևան համայնքների բնակիչներին մատուցել թարմ ու համեմատաբար մատչելի խմորեղեն։
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել խմորեղենի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև խմորեղենի պատրաստման ու ձևավորման դասընթացների շարք Գյումրիում, որն արդեն իսկ մեկնարկել է։
Ելիզավետան շատ լավատեսորեն է տրամադրված և համոզված է, որ տնային պայմաններում սկսած իր փոքրածավալ բիզնեսը հետագայում ընդլայնվելու է՝ իր դրական ազդեցությունը թողնելով թե՛ ընտանիքի և թե՛ համայնքի կյանքի վրա։
«Լիլիթ» խմորեղենի կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթանալու և պատվերներ ընդունելու համար արդեն գործում է անձնական Ֆեյսբուք էջը, որը պարբերաբար կթարմացվի՝ https://web.facebook.com/Lilit-cakes-336873113578006/?modal=admin_todo_tour

«Անուշահամ մեղր Մեղրաշատից»

Մասնագիտությամբ մանկավարժ Կարեն Ոսկանյանը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից է։ Նա հասցնում է և՛ տեղի դպրոցում դասավանդել, և՛ զբաղվել իր սիրած աշխատանքով` մեղվապահությամբ։ Մեղվապահության նկատմամբ սերը Կարենը ժառանգել է ընտանիքից, որը երկար տարիներ զբաղվել է մեղվապահությամբ։ Տարիներ շարունակ մեղվապահությունը Կարենի համար եղել է հիմնականում հոբբի և ընտանիքին անարատ մեղրով ապահովելու միջոց, սակայն այժմ ցանկանում է ավելացնել մեղվաընտանիքների թիվը և իր սիրելի զբաղմունքը վերածել նաև շահութաբեր բիզնեսի։ Դա էր պատճառը, որ Կարենը որոշեց մասնակցել ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացներին և ներկայացնել «Անուշահամ մեղր Մեղրաշատից» բիզնես գաղափարը։ Կարեն Ոսկանյանի խոսքերով, Մեղրաշատ անվանումն ինքնին հուշում է մեղրի համար հրաշալի հումքի աղբյուր հանդիսացող գյուղի աշխարհագրական դիրքը։ Նա մեծապես համոզված է, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենա ավելացնելու իր կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և անարատ մեղրի ծավալը և մրցունակ դառնալ շուկայում։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Կարեն Ոսկանյանի ներկայացրած ծրագիրը, որով նախատեսվում է ունեցած 2 փեթակներն ավելացնել ևս 6-ով, ինչը հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցին իրականացնելու իր գաղափարը։

Ջերմոցային տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ 2 բիզնես ծրագրերը նպատակ ունեն հիմնելու ջերմոցային փոքր տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում։ Ծրագրերի առաջարկները ներկայացվել են նշված համայնքների ակտիվ կանանց կողմից, ովքեր բիզնես դասընթացներին մասնակցելուց հետո որոշեցին իրենց ուժերը փորձել այս ոլորտում և սկիզբ դնել իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսին։ Գոհար Գևորգյանի և Աննա Խաչատուրյանի խոսքերով, ձմռան ամիսներին աճեցրած բանջարեղենն ու կանաչին հոգալու են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաև իրենց համայնքների կարիքները, քանի որ շրջիկ վաճառականներից գնված բանջարեղենն այդ ժամանակաշրջանում այնքան էլ թարմ ու որակյալ չէ, իսկ իրենք գնորդներին առաջարկելու են անմիջապես ջերմոցից քաղած և էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Բացի այդ, համայնքի բնակիչները բանջարեղեն ձեռք բերելու համար ստիպված չեն լինի հասնել քաղաք՝ ծախսելով լրացուցիչ գումար և ժամանակ։
Նախատեսվում է կառուցել 50մ2 և 100մ2 մակերեսներով պոլիէթիլենային երկշերտ թաղանթով երկու ջերմոցներ, որոնց համար արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ շինարարական նյութերը։ Օրերը տաքանալուն պես կտրվի ջերմոցների շինարարական աշխատանքների մեկնարկը։

Էկո ճուտիկներ Մեղրաշատից

Ծրագիրը ներկայացվել է Մեղրաշատ համայնքից Քրիստինե Սահակյանի կողմից։

Նախագիծն իրենից ներկայացնում է ինկուբացիոն եղանակով հավի ճտերի բազմացում, որը կնպաստի Մեղրաշատ համայնքում և հարևան գյուղերում թռչնապահության ներդրմանը, ինչպես նաև կստեղծի կայուն եկամտի հնարավորություն ընտանիքի համար։

Երկար տարիներ Քրիստինեի ընտանիքը զբաղվել է թռչնաբուծությամբ՝ ձեռք են բերել մի քանի օրական հավի ճուտիկներ, մեծացրել և վաճառել։ Այն եկամտաբեր բիզնես է եղել, որն հնարավորություն է տվել ընտանիքին լրացուցիչ եկամուտ ստանալու, սակայն ելնելով մի շարք հանգամանքներից, տևական ժամանակ է ինչ չեն զբաղվում տվյալ գործունեությամբ․

KristineՆերկայացվող ծրագրի նպատակն է ձեռք բերել 100 ձվի համար նախատեսված ինկուբատոր, որով հնարավորություն կունենանք ստանալ հավի ճուտիկներ և վերսկսել մեր բիզնեսը։ Ինկուաբցիոն եղանակով ճտեր կարելի է ստանալ միանգամից շատ քանակով՝ կախված ինկուբատորի չափից, ինչը հնարավոր չէ բնական ճանապարհով։

Համոզված եմ, որ գաղափարը ֆինանսավորելու դեպքում այն կդառնա կայուն և եկամտաբեր բիզնես, քանի որ ունենք թռչնաբուծության փորձ, համայնքում և հարակից գյուղերում նման գործունեությամբ զբաղվողներ չկան, իսկ հավի ճուտիկների պահանջարկը մեծ է։ Մեր արտադրանքի առավելությունը կլինի նաև առողջ և էկոլոգիապես մաքուր՝ առանց հորմոնալ հավելումների կերակրված ճուտիկների բազմացումն ու վաճառքը։

2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Քրիստինեի ներկայացրած բիզնես ծրագիրը և հաջողությամբ իրականացվում է Մեղրաշատ համայնքում։

 «Արգիշտի արտ ստուդիա»

Լեռնակերտ համայնքից Արգիշտի Աբրահամյանի բիզնես ծրագրի նպատակն է համայնքում հիմնել նկարչական և խեցեգործական ստուդիա՝ նպաստելով համայնքի երեխաների ու երիտասարդների գեղագիտական զարգացմանը, արվեստի տվյալ ճյուղի զարգացմանն ու համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը։ Ծրագրի միջոցով հնարավոր կդառնա համայնքում ունենալ ժամանակակից գույքով, նյութերով ու սարքավորումներով հագեցած ուսումնական կենտրոն, որտեղ Լեռնակերտ համայնքի (ինչպես նաև մոտակա համայնքների) երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու նկարչության և կիրառական արվեստի տեխնիկային ու առանձնահատկություններին։

ArgishtiՄասնագիտությամբ լինելով արվեստագետ, երկար տարիներ ցանկացել եմ ունենալ սեփական արվեստանոց և միևնույն ժամանակ ուսուցողական կենտրոն, որտեղ հնարավորություն կունենամ ոչ միայն ինքս ստեղծագործել, այլ նաև իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել համայնքիս դպրոցականներին ու երիտասարդներին։

Մեր տան հատակագիծը լիովին հնարավորություն է տալիս իրագործելու իմ մտահղացումը։ Տունը բաղկացած է 3 հարկաբաժնից, որի առաջին հարկը նախատեսում եմ վերափոխել և հիմնել «Արգիշտի արտ ստուդիան»։ Ուսումնական պարապմունքներից զատ ստուդիայում նախատեսում եմ նաև անցկացնել կավագործության ու խեցեգործության վարպետության դասեր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ արտ թերապիայի կարիք ունեցող երեխաների համար։ Վերջիններս հնարավորություն կունենան ստեղծագործել, արտահայտել սեփական հույզերն ու ապրումները, ազատվել հոգեկան լարվածությունից ու հանգստանալ։ Իսկ զբոսաշրջիկները գեղագիտական հաճույք ստանալուց զատ, վարպետության դասերի արդյունքում ավելի մոտիկից կծանոթանան հայկական մշակույթին ու պատմությանը։ Ստուդիայի առկայության դեպքում հնարավորություն կունենամ պատրաստելու հուշանվերներ, որոնք կիրացնեմ ինչպես համայնքում, այնպես էլ Երևանում և Գյումրիում գործող հուշանվերների վաճառակետերում։

2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բրուտագործական հաստոցը։ Ներկա պահին ընթացքի մեջ են ստուդիայի շինարարական աշխատանքները, որին զուգահեռ անհրաժեշտություն կա ձեռք բերել համապատասխան գույք, նյութեր ու սարքավորումներ։

2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ ծրագիրը Լեռնակերտ համայնքի բնակչուհի Լուսինե Ավետիսյանն էր։

lusineԵրկար տարիներ ապրելով Ռուսաստանում՝ զբաղվել եմ արագ սննդի արտադրությամբ։ Վերադառնալով Հայաստան՝ որոշեցի շարունակել իմ գործունեությունը հայրենիքում։  Գրեթե մեկ տարի է, ինչ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հիմնել ենք արագ սննդի կետ՝ «Ընտանեկան բիստրո» անունով, որտեղ ներգրավված են 3 աշխատողներ։ Բիստրոն զբաղվում է հիմնականում տարբեր տեսակի կարկանդակների, արագ պատրաստվող ուտեստների ու թխվածքների արտադրությամբ։ Իրականացնում ենք նաև անվճար առաքում Արթիկ քաղաքում, ինչն առավելություն է քաղաքում գործող հանրային սննդի մյուս կետերի նկատմամբ։ Արագ սննդի կետում մատուցվող մեր կերակրատեսակները թարմ են և պատրաստվում են առանց լրացուցիչ հավելումների ու արոմատիզատրոների։

Ներկայացված ծրագրի ծրագրի շրջանակներում ձեռք բերվել անհրաժեշտ տարողությամբ ճարպաջեռոցը, ինչը թույլ կտա զարգացնել գործող ընտանեկան բիստրոն, ինչպես նաև ընդլայնել արտադրամասը՝  ստեղծելով նոր աշխատատեղեր կանանց համար։ Նոր սարքավորումների ձեռքբերումն հնարավորություն կտա նաև ավելացնելու մերբիստրոյի հաճախորդներին և մարզ այցելող զբոսաշրջիկներին մատուցվող սննդատեսակները։