Մեր հետևորդներին սիրով ներկայացնում ենք «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու համայնքների երիտասարդներից մի քանիսի կարծիքները, որոնցով նրանք կիսվել են մեր աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Սրանք մեր աշխատանքի ամենամեծ գահատականն են, որոնք ցույց են տալիս կազմակերպության երկարամյա ու հետևողական աշխատանքի դրական արդյունքը։
Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ կարողանում եմ մարդկանց հետ նորմալ շփվել, ամբողջովին ձերբազատվել եմ բարդույթներից, որոնք նախկինում ունեի։ Ես հիշում եմ ինձ մեր առաջին դասընթացներին, երբ շատ կաշկանդված էի մասնակցում, նույնիսկ այն հարցերը, որոնց պատասխանները ես գիտեի, անգամ դրանց չէի պատասխանում՝ վախենալով, որ կարող է սխալ լինեմ, ամաչում էի, բայց հետո ամեն ինչ փոխվեց, իսկ երբ ձևավորվեց երիտասարդական խումբը, այդ ժամանակ արդեն ինքս էի ցանկանում բոլոր միջոցառումներին մասնակցել, չէի վախենում կարծիքս արտահայտելուց, հարցեր տալուց և դա իմ համար մեծ փոփոխություններից մեկն է՝ ճիշտ և անկաշկանդ հաղորդակցումը մարդկանց հետ։
Հաջորդ մեծ փոփոխությունը կարող եմ նշել կամավորական աշխատանքը։ Ես գիտեի դրա մասին տեսականորեն, բայց երբևէ ներգրավված չէի եղել դրանցում ու ընդգրկվելով Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խմբի մեջ, մասնակցելով բազմաթիվ կամավորական նախաձեռնությունների ու միջոցառումների, ավելի լավ հասկացա կամավորության կարևորությունն ու դրական ազդեցությունը թե՛ մեր և թե համայնքի վրա։ Տարիների ընթացքում ես նույնիսկ սկսեցի համեմատել մեր կազմակերպած միջոցառումների որակը ու ես հասկացա, որ ամեն տարի դրանք ավելի լավն են դարձել։ Մենք ինքներս մեր սխալներից ու բացթողումներից շատ բան սովորեցինք։ Մեր յուրաքանչյուր միջոցառում արդեն լրիվ կանոնակարգված ու պլանավորված էր, յուրաքանչյուրս հստակ գիտեինք մեր անելիքը և որ ամենակարևորն է՝ միջոցառումիներից հետո բոլորս միասին հավաքվում էինք, քննարկում լավ ու վատ կողմերը, նշում թերությունները՝ հետագայում դրանք չկրկնելու համար։Բացի այդ կամավորական աշխատանքը օգնել է մեզ զեղչել ուսման համար վարձավճարները։ Ես էլ, Լուսինեն էլ օգտվել ենք այդ հնարավորությունից, ինչի համար շատ շնորհակալ ենք։
Չեմ վախենա ասել, որ կամավորական աշխատանքն ու ձեր կազմակերպած դասընթացներն ինձ ավելի շատ փորձ են տվել, քան այն 4 տարիները, որ սովորել եմ համալսարանում, որովհետև մասնագիտական բոլոր դասերի ժամանակ որոնք անցնում էինք ես միշտ լրացնելու բան ունեի, հետաքրքիր օրինակներ էի բերում և ինձ միշտ հարցնում էին, թե որտեղից դրանք գիտեմ։ Եթե համալսարանում միայն տեսական գիտելիք էինք ստանում, դուք օգնում էիք նաև դրանք բոլորը գործնականում կիրառել։ Բացի գիտելիքներից ու փորձից կամավորությունն ինձ տվել է լավ ընկերներ, լավ շրջապատ, գյուղում նույնպես փոխվել է վերաբերմունքը մեր կենտրոնի ու կամավորական աշխատանքի հանդեպ։ Բացի դրանից, երբ մտածում ես, որ քո աշխատանքով օգուտ ես տալիս սեփական համայնքիդ, ուրախացնում կամ ինչ-որ բան ես սովորեցնում քեզնից փոքրերին, դա ավելի է ոգևորում ու քաջալերում մեզ։
Կամավորական աշխատանքիս շնորհիվ երկրորդ կուրսից սկսած և մագիստրատուրան էլ ներառյալ ինձ հնարավորություն տրվեց սովորելու անվճար, ինչը շատ կարևոր էր իմ և ընտանիքիս համար։
Ես երիտասարդական ակտիվ խմբին միացել եմ 2018թ-ից, իսկ առավել ակտիվ կամավորական աշխատանք սկսել եմ մոտ 1 տարի առաջ, երբ Ջուլիետայի հետ որոշեցինք գյուղում բացել նկարչական խմբակ։ Ակադեմիայում նույնպես շատ ողջունեցին իմ այս նախաձեռնությունը և շատ հարցերում ինձ աջակցում են, օրինակ դասի պլանի կազմման, տարիքային տարբեր խմբերի երեխաների հետ աշխատանքի մոտեցման և այլ հարցերում։ Երեխաների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է, բացի այն, որ ես եմ սովորեցնում ու ամրապնդում իմ գիտելիքները, նրանցից նույնպես շատ բան սովորում եմ ինքս։ Շնորհակալ եմ ինձ ընձեռած վստահության ու հնարավորության համար, որի արդյուքում Թորոսգյուղում գործում է տեխնիկապես հագեցած նկարչական խմբակ, իսկ համայնքի անդամներն էլ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ իրենց երեխաներին ուղարկում են այստեղ սովորելու։
Ես նույնպես ավելի ուշ եմ միացել եիտասարդական ակտիվ խմբին։ Սկզբում իմ համար էլ անսովոր միջավայր էր, բայց շատ հետաքրքիր։ Սա այն տեղն էր, որտեղ կարող էիր սեփական նախաձեռնությունով հանդես գալ, արտահայտել կարծիքդ, դրսևորել ինքդ քեզ ու որևէ բանով օգուտ տալ համայնքիդ։ Սկզբնական շրջանում ես օգնում էի երիտասարդական խմբին տարբեր միջոցառումներ կազմակերպելու գործում, կատարում էի ինձ վստահված առաջադրանքները, իսկ հետո ես որոշեցի կամավորական հիմունքներով պարի դասեր տալ համայնքի փոքրիկներին, փոխանցել նրանց իմ ունեցած հմտությունները։ Բնականաբար նախնական շրջանում իմ համար դժվար էր նման աշխատանքները միայնակ համակարգել ու ճիշտ պլանավորել, բայց ինձանից ավագ երիտասարդներն ինձ օգնեցին, ուղղորդեցին և հիմա ես արդեն առանց դժվարության անցկացնում եմ պարի դասեր, ծնողներն էլ վստահում են ինձ իրենց երեխաներին, ինչի համար շատ հպարտ եմ ու շնորհակալ։
2018թ-ից եմ զբաղվում կամավորությամբ, 3 տարի գյուղում վարել եմ անգլերենի խմբակ դպոցականների համար, որն ինձ համար առաջին ու մեծ փորձն էր։ Արժանացա ծնողների խրախուսական գնահատականին, իսկ հետո ԿՀԶ ՀԿ կողմից առաջարկ եղավ մասնակցելու կրթական ծրագրի արտերկրում։ Ու ես հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ իմ հայրիկը չէր թողնում, որ ես 10 օրով Լեհաստան մեկնեմ ու ես շատ տխրել էի, բայց տիկին Գոհարի հետ խոսելուց հետո հայրիկս փոխեց իր որոշումը, ինչը շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ հետագա կրթության, աշխատանքի ու որպես մարդ կայանալու գործում։ Այդ ծրագիրն ինձ համար առաջին քայլն էր, որն օգնեց, որպեսզի հետո ես ավելի մեծ ծրագրի դիմեմ և արդեն 6 ամսով սովորեմ արտերկրում։ Ու այդ նույն հայրիկս, որ չէր համաձայնում 10 օրով երկրից ինձ դուրս թողնել, այս անգամ նույնիսկ չառարկեց 6-ամսյա ծրագրին իմ մասնակցության համար։
Այդ 6 ամիսների ընթացքում ես ոչ միայն բարելավեցի իմ գիտելիքները, այլ նաև հնարավորություն ունեցա լինել եվրոպական շատ քաղաքներում, բացահայտել իրենց մշակույթը, ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, սովորեցի իրերին ու երևույթներին նայել այլ տեսանկյունից, ինչին երբեք չէի կարողանա հասնել իմ փոքրիկ գյուղի սահմաններում։
Վերադառնալուց հետո ես արդեն նոր եռանդով լծվեցի կամավորական աշխատանքին՝ Թորոսգյուղում վերաբեցեցի անգլերենի խմբակը, ինչպես նաև ձևավորեցի նոր խմբակ հարևան Գոգհովիտ համայնքում։
Այս անգամ խմբակների աշխատանքների մեջ ներգրավել էի նաև երեխաների ծնողներին, ինչպես նաև տատիկ-պապիկներին, ովքեր նոր շունչ ու հետաքրքրություն բերեցին։ Այդ նպատակով տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ կազմակերպեցինք հենց ծնողների, տատիկների համար, որպեսզի իրենց փորձով կիսվեն երեխաների հետ, ակտիվ երկխոսություն ծավալվի սերունդների միջև, որը կօգնի ավելի մտերմացնել ու ջերմացնել միմյանց միջև կապը։ Իմ համար շատ ոգևորող էր, որ իրենք մեծ հաճույքով գալիս ու մասնակցում էին մեր բոլոր նախաձեռնություններին։ Ու այս հանդիպումները օգտակար էին երկուստեք՝ իրենք երեխաների հետ սովորում ու այսպես ասած ջահելանում էին, երեխաներն էլ շատ նոր բաներ էին սովորում մեծերից՝ սկսած գյուղի պատմությունից, ավանդույթներից ու հայկական ավանդական խոհանոցից։
Նաև իմ աշխատանքի ընթացքում անընդհատ փորձում եմ մոտիվացնել երեխաներին՝ նշելով, որ շատ գյուղերում երիտասարդներն ու դպրոցականները զրկված են նման պայմաններից ու շատերն են երազում նմանատիպ կենտրոններ ունենալու մասին։ Աշխատանքի բերումով եղել եմ բազմաթիվ գյուղերում և իսկապես այդ առումով մեր բախտը բերել է, որ ունենք կենտրոններ և կազմակերպությունն էլ մշտապես աջակցում է մեզ մեր նախաձեռնություններում։ Մեզ համար և՛ մեծ պատիվ է, և միաժամանակ մեծ փորձ ու պատասխանատվություն նման կենտրոնների աշխատանքներն համակարգելը։
Ես երիտասարդական կենտրոնին միացել եմ 2019թ-ից, անգամ իմ առաջին միջոցառումն եմ հիշում՝ Գրքի օրվան նվիրված, որին մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ եմ մասնակցել։ Ու հետո երբ հաջորդ տարի ինքս սկսեցի վարել ընթերցանության խմբակը, շատ հետաքրքիր զուգահեռներ էի անցկացնում, որ 2019թ-ին ես իմ մասնակցությունը բերեցի այդ միջոցառմանը, բայց ուղիղ 1 տարի հետո այդ նույն օրվան նվիրված միջոցառումը համայնքի երիտասարդների ու երեխաների համար արդեն կազմակերպեցի ես։ Հենց այդ միջոցառումից հետո ես հասկացա, թե ինչքան բան է փոխվել իմ մեջ։ Երիտասարդական կենտրոնն ինձ համար ամենաառաջինը ինքնաարտահայտման, սեփական ուժերիս նկատմամբ ինքնավստահության և նոր հնարավորությունների հարթակ էր։ Առաջին դասընթացներին, որ ես մասնակցում էի, ինձ թվում էր, որ ես չեմ կարողանա խոսել, նստած անընդհատ մտածում էի, որ հանկարծ ինձ հարց չտան, որովհետև հաստատ չեմ պատասխանի։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, տեսա, որ կարողանում եմ կարծիք արտահայտել, քննարկել ու այդպես հետզհետե ինքնավստահություն ձեռք բերեցի։ Իսկ 2 տարի շարունակ կամավորական սկզբունքով ընթերցանության խմբակ վարելու աշխատանքն ինձ մեծ փորձ տվեց երեխաների հետ շփվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև նպաստեց իմ մասնագիտական կարողությունների զարգացման գործում, որի համար շատ շնորհակալ եմ ԿՀԶ ՀԿ-ին նման հնարավորություն մեզ ընձեռելու համար։
Կուզենայի նշել ևս մեկ դրական փոփոխություն, որն ինձ տվեց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն, երբ ես ուզում էի ընդունվել համալսարան, բայց որոշակի խնդիրների պատճառով վախենում էի դիմել ու այդ ժամանակ ևս ինձ շատ օգնեցին կազմակերպության անդամները՝ ոգևորելով ու խրախուսելով, որն ինձ օգնեց հաղթահարել խոչընդոտները։ Ու նաև շատ կարևոր է հաջողված օրինակը, որը մենք մեր համայնքում արդեն ունեինք։ Ես միշտ իմ աչքի առաջ ունեցել եմ մեր համայնքում ինձանից ավելի մեծ կամավորների օրինակը, տեսել, թե նրանք ինչպիսի լավ աշխատանք են կատարում, որը նույնպես ինձ շատ ոգեշնչել ու ուժ է տվել առաջ գնալու։
Ես այն երիտասարդներից եմ եղել, ովքեր հենց սկզբից են միացել երիտասարդական թիմին ու հասցրել եմ շփվել՝ թե ինձանից մեծերի և թե փոքրերի հետ։ Իմ համար նույնպես կարևոր փոփոխություն է եղել ազատ ու անկաշկանդ խոսքը, ինքնավստահության ձեռքբերումը, ինչպես նաև կամավորական աշխատանքի հնարավորությունը, որը մեծ փորձ ու գիտելիքներ տալուց բացի ինձ օգնեց համալսարանում 2 տարի ուսմանս վարձավճարը 50 տոկոսով զեղչել։
Շատ կարևոր հանգամանք է ինձ համար նաև բնակիչների հետ շփումը, նրանց վստահությունը մեր հանդեպ։ Սկզբում դժվար էր ստացվում այդ կապը, բայց հետո, տեսնելով ու գնահատելով մեր աշխատանքները, իրենք սկսեցին վստահել ու աջակցել մեզ, ինչը շատ կարևոր ու ոգևորող էր բոլորիս համար։
Կամավորական աշխատանքի շնորհիվ ձեռք եմ բերել ինքնավստահություն, առաջ եթե ցանկացել եմ որևէ քայլ անել, միշտ վախեցել եմ, որ չեմ կարողանա, չի ստացվի իմ մոտ, բայց երիտասարդական կենտրոնի շնորհիվ այդ վախերը հաղթահարեցի, արդեն չէի վարանում սեփական կարծիքս արտահայտելուց, դարձա ավելի նախաձեռնող, որի արդյունքում էլ ԿՀԶ ՀԿ-ի ու Անիի օգնությամբ կարողացա հիմնել նկարչական խմբակը։ Մեկ տարի է, ինչ վարում եմ գյուղի խմբակի աշխատանքները և ինքս մեծ փոփոխություններ եմ տեսնում իմ մեջ։ Խմբակն ինձ շատ է օգնել երեխաների հետ աշխատանքում, նրանց հետ ճիշտ շփվելու, նրանց ազատ ժամանակը ավելի ճիշտ կազմակերպելու գործում, որն ինձ հաստատ պետք կգա նաև իմ հետագա աշխատանքի ընթացքում։
Ինձ միշտ հետաքրքրել է երիտասարդական, հասարակական աշխատանքը և գյուղում հիմնված կենտրոնը հնարավորություն տվեց ինձ ներսից ուսումնասիրել այն։ Այս աշխատանքն ինձ օգնեց ինքնադրսևորվելու, դասեր քաղելու հաջողված օրինակներից, վերլուծելու և ինքնաքննադատորեն մոտենալու արածդ աշխատանքին, ինչպես նաև մարդկանց հետ ավելի ազատ ու անկաշկանդ շփվելու գործում։ Բայց կուզենայի առանձնացնել իմ համար ամենակարևորը՝ ես շատ կոմպլեքսավորված եմ եղել։ Նույնիսկ համալսարանական տարիներս ու աշխատանքային փորձս ինձ այնքան չեն օգնել այդ հարցում, որքան երիտասարդական աշխատանքը։ Այս 2 տարիների ընթացքում, ես կարող եմ ասել, որ դարձել եմ էն մարդը, որը կուզենայի լինել։ Այսինքն՝ հանգիստ, առանց լարվելու արտահայտել կարծիքս, ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ անկաշկանդ շփվել, մշակել ու իրականացնել համայնքի համար օգտակար ծրագրեր։ Ի դեմս ԿՀԶ ՀԿ-ի ես տեսա, որ իմ կարծքիը կարևոր է, մեր առաջարկած գաղափարները գնահատվում ու իրականություն են դառնում ու այդ ամենն օգնեց, որպեսզի այդքան տարիներ իմ դիմաց ծառացած պատնեշը կոտրեմ։ Սրանք ամենակարևոր ձեռքբերումներն են, որոնք կուզենայի նշել։