Նոր Կյանք բնակավայր

Մակերես՝ 12,7կմ2

Նոր կյանք գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին։ Նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Խնուսից։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X- XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։

Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։

Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։ Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խաչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք» անունով բնակատեղի:

2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Նոր Կյանք բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է  կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝  դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։

Ձեզ ենք ներկայացնում Նոր Կյանքի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։