«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սկսում է աշխատանքային տարին՝ բոլոր ընթացիկ ծրագրերի շարունակությամբ և նոր նախագծերի պլանավորմամբ:
Այս տարվա մեր առաջին համայնքային հանդիպումը մեկնարկեցինք Արթիկ խոշորացված համայնքի Նոր Կյանք բնակավայրից, որը կազմակերպության շահառու նոր համայնքներից է։
Այս անգամ հանդիպման մասնակիցներն էին վարչական կենտրոնի աշխատակիցները, համայնքի ակտիվ անդամները, երիտասարդներն ու դպրոցականները։ Հանդիպումը տեղեկատվական բնույթ ուներ, որի ընթացքում ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու համայնքային ծրագրերի համակարգող Արմինե Շիրոյանը մասնակիցներին ներկայացրեցին կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը, ընթացիկ ծրագրի նպատակը, խնդիրներն ու անելիքները։
Բազմամարդ հանդիպումն անցավ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում։ Համայնքի բնակիչները հետաքրքրվածություն ու պատրաստակամություն հայտնեցին նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին մասնակցելու համար, իսկ հանդիպման ավարտին վերջիններիս հետ իրականացվեց համայնքի մարդկային և ֆիզիկական ռեսուրսների քարտեզագրում։
Հանդիպմանը ներկա էին նաև վարչական ղեկավար Գևորգ Պետրոսյանը և Արթիկ համայնքի ավագանու անդամ Էմիլ Գևորգյանը, ովքեր ողջունեցին և իրենց ուրախությունն հայտնեցին ԿՀԶ ՀԿ շահառու բնակավայրերի մեջ ընդգրկվելու համար՝ վստահեցնելով, որ համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման արդյունքում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, կառաջանան բազմաթիվ գաղափարներ, կստեղծվի երիտասարդներից ու համայնքի անդամներից կազմված ակտիվ խումբ, ովքեր ամեն ինչ կանեն զարգանալու, ինքնակրթվելու և իրենց գիտելիքներն ի շահ համայնքի ծառայեցնելու։
Հ․ Գ․ Նշենք, որ սա մեր 3-րդ հանդիպումն էր Նոր Կյանք բնակավայրում։ Նախորդ 2 հանդիպումներն անցկացվել են համայնքի վարչական ղեկավարի և դպրոցի ուսուցչական հանրույթի հետ։
Հանդիպման լուսանկարներն՝ այստեղ