Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, համագործակցելով «Կանայք հանուն զարգացման» ՀԿ հետ, «Սպառողների ֆինանսական կրթության բարձրացման ծրագրի» շրջանակներում ս/թ մայիսի 12-ին Երևանում կազմակերպեց սեմինար դասընթաց, որին մասնակցեցին ԿՀԶ ՀԿ շահառու 7 համայնքների 9-12-րդ դասարանների թվով 43 աշակերտներ։
Միջոցառման շրջանակներում դպրոցականներն հյուրընկալվեցին ՀՀ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն, որտեղ բանկի էքսկուրսավար Աստղիկ Առաքելյանը մասնակիցներին ներկայացրեց բանկի դերը, նպատակներն ու գործառույթները, ծանոթացրեց ՀՀ դրամի պատմությանը, դրամաշրջանառության կազմակերպմանը և այլ մանրամասների։ Բոլոր մասնակիցներին տրվեցին փոքրիկ հուշանվերներ գրասենյակի կողմից։
Այնուհետև դպրոցականները Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կնետրոնում մասնակցեցին սեմինար-դասընթացի, որի ընթացքում ստացան հիմնարար գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության, ինչպես նաև հեռախոսային հավելվածներից անվտանգ դրամային փոխանցումներ կատարելու վերաբերյալ։ Դասընթացը աշակերտների համար վարեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Ռազմավարական մշակման և ադմինիստրատիվ խմբի մասնագետ Շուշաննա Կիրակոսյանը։ Դասընթացի ավարտին մասնակիցների համար ստացած գիտելիքների հիման վրա կազմակերպվեց մրցութային խաղ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց առավել շատ միավորներ հավաքած թիմը, իսկ անդամները պարգևարտրվեցին խրախուսական նվերներով։
Ծրագրի շրջանակներում երեխաների համար կազմակերպվեց նաև հյուրասիրություն և այցելություն ՀՀ Պատմության թանգարան։
Մասնակից դպրոցականների և ԿՀԶ ՀԿ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի աշխատակիցներին՝ համագործակցության և դպրոցականների համար անչափ հետաքրիքր և հագեցած օր կազմակերպելու համար։