Փորձի փոխանակում գործընկեր կազմակերպությունների հետ

«ԼԻԴԵՐ» մոտեցման, հիմնական սկզբունքների ու գյուղական համայնքներում ներդրման հաջողված փորձի փոխանակման թեմայով առցանց հանդիպում տեղի ունեցավ Մոլդովայում Լեհաստանի «Համերաշխության հիմնադրամի» ներկայացուցիչներ Մարինա Ալբուի և Տոմաշ Հորբովսկու, Մոլդովայում «Լիդեր ազգային ցանցի» ներկայացուցիչ Պատրիչիա Վարզարիի և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչների հետ։ Դեռևս 2019թ․ նոյեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչները պետք է այցելեին Մոլդովա՝ տեղում ծանոթանալու կազմակերպության շահառու համայնքներին ու իրականացված ծրագրերին, սակայն համավարակի պատճառով այն չեղարկվեց, իսկ հանդիպումը տեղափոխվեց առցանց հարթակ։
Քանի որ Մոլդովայի գործընկեր կազմակերպությունն ավելի մեծ փորձառություն ունի այս ոլորտում, նրանք որոշակի խորհուրդներ ու գործնական քայլեր առաջարկեցին՝ ծրագրի սկզբնական փուլի և Տեղական զարգացման ռազմավարական պլանի կազմման վերաբերյալ։ Խոսվեց նաև Գործողությունների Իրականացման Տեղական Խմբի /ԳԻՏԽ/ գործառույթների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների հետ համագործակցության ու այլ թեմաների մասին։