«ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԴԱՍԵՐ COVID 19-ից» 4-րդ ամենամյա մրցույթ

Սիրելի՛ դպրոցականներ և երիտասարդներ, «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունն հայտարարում է խաղաղության թեմայով նկարների և էսսեների 4-րդ  ամենամյա մրցույթը՝ «Խաղաղության դասեր COVID19-ից» խորագրով (նշված հղումով կարող եք ծանոթանալ նախորդ մրցույթներին ) :

Այսօր ողջ մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակն ու աշխարհի շատ երկրներում ստեղծված արտակարգ դրությունը միլիոնավոր մարդկանց ստիպել է մնալ տանը՝ խաթարելով բոլորի բնականոն կյանքն ու աշխատանքային ռիթմը։

Չնայած բոլոր դժվարություններին, այսօր մենք բոլորս նաև հնարավորություն ունենք սովորելու, դասեր քաղելու և նոր հայացքով նայելու փոփոխվող իրավիճակին։

Մրցույթի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է ազդել այս համավարակը աշխարհի տարբեր երկրների դպրոցականների ու երիտասարդների անձնական կյանքի ու մտածելակերպի վրա, ինչ դասեր է քաղել նրանցից յուրաքանչյուրն ու ողջ մարդկությունը COVID19 կոչվող համավարակից, ինչպիսին կլինի աշխարհը համավարակից հետո, ինչ առաջարկություններ ունեն նրանք քաղաքական գործիչներին, ղեկավարներին` նվազեցնելու անհավասարությունը, աղքատությունը, ռասիզմը, ազգայնական տրամադրությունները, պատերազմները, աշխարհի տարբեր մասերում տիրող էկոլոգիական աղետը և այլն։

Մեր ցանկությունն է մրցույթի միջոցով մեկ անգամ ևս դպրոցականների ու երիտասարդների ուշադրությունը սևեռել խաղաղության, սիրո, համերաշխության ու հանդուրժողականության գաղափարների վրա և ցույց տալ բոլորին, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն համախմբածության ու միասնության շնորհիվ, որ սա կոչ է մարդկությանը սթափվելու, վերաիմաստավորելու իրական արժեքները, միմյանց նկատմամբ կարեկից լինելու, երկիր մոլորակը պահպանելու և աշխարհում խաղաղություն հաստատելու համար։

Մրցույթն առցանց է, որին կարող են մասնակցել 15-29 տարեկան բոլոր պատանիներն ու երիտասարդները ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։

 

Մրցույթի կանոններ
«ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԴԱՍԵՐ COVID 19-ից» նկարների համար՝
  1. Անհրաժեշտ է ներկայացնել ձեռքով արված նկար, որն անպայման կարտահայտի մրցույթի հիմնական գաղափարը։
  2. Նկարին կից ուղարկել մասնակցի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, տարիքը, երկիրը, քաղաքը/գյուղը, դպրոցը, ինչպես նաև մասնակցի անձնական լուսանկարը։
  3. Նկարը անպայման պետք է ունենա բնութագիր՝ խնդրում ենք համառոտ նկարագրել, թե մասնակիցն ինչ է ցանկացել ասել կամ ինչ ուղերձ է հղել իր ստեղծագործության միջոցով։
  4. Նկարը պետք է արտատպված չլինի և պատկանի մասնակցին
  5. Մրցույթին կարելի է ներկայացնել ցանկացած տիպի նկար՝ գծանկար, յուղանկար, գունավոր մատիտներով, ակվարելով կամ ջրաներկով և այլն։ Համակարգչային գրաֆիկա պարունակող կամ համակարգչով արված նկարները չեն մասնակցի մրցույթին։
  6. Ուշադրություն՝ անհրաժեշտ է ուղարկել բնօրինակ նկարի լուսանկարը կամ սքանավորված տարբերակը հնարավորինս բարձր որակով՝ peace.covid19@gmail.com էլ․ հացեին։
Մրցույթի կանոններ
«ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ԴԱՍԵՐ COVID 19-ից» էսսեների համար՝
  1. Էսսեի բովանդակությունը պետք է անպայման արտահայտի մրցույթի հիմնական գաղափարը։
  2. Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 1 էջը (առավելագույնը պետք է լինի 300 բառ)
  3.  Էսսեին կից ուղարկել մասնակցի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, տարիքը, երկիրը, քաղաքը/գյուղը, դպրոցը, ինչպես նաև մասնակցի անձնական լուսանկարը։
  4. Էսսեներն ընդունվում են 2 լեզվով՝ անգլերեն կամ հայերեն:
  5. Էսսեներն առցանց առցանց ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ Առցանց Մասնակցության հայտ էսսեի համար ։
    Ովքեր կդժվարանան առցանց լրացնել, կարող են իրենց ստեղծագործություններն ուղարկել word կամ pdf տարբերակով՝ peace.covid19@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս/թ Մայիսի 5-ը ներառյալ։ Նշված ժամկետից ուշ ուղարկված նկարներն ու էսսեները չեն մասնակցելու մրցույթին։

Մրցույթին ներկայացված բոլոր նկարներն ու գեղարվեստական ստեղծագործությունները կհրապարակվեն «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Խաղաղաշինության Տարածաշրջանային Հարթակի կայք էջերում և միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցով կտարածվեն աշխարհի տարբեր երկրներում։ Բոլոր մասնակիցներին առցանց կուղարկվեն մասնակցության վկայականներ, իսկ միջազգային հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն նկարներն ու ստեղծագործությունները կհրատարակվեն առանձին ժողովածուով կամ օրացույցի տեսքով։

Մրցույթին մասնակցած բոլոր նկարները դառնում են ԿՀԶ ՀԿ-ի սեփականությունը: Կազմակերպությանն իրավունք է վերապահվում  ցուցադրելու նկարներն ու տարածելու էսսեները տարբեր երկրներում, օգտագործելու դրանք իր կողմից հրատարակվող ձեռնարկներում, ամսագրերում կամ այլ հրատարակություններում՝ պահպանելով հեղինակային իրավունքները։

Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ peace.covid19@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ կազմակերպության Ֆեյսբուքյան էջին գրելով

Սիրով՝ “Կանայք հանուն զարգացման” ՀԿ թիմ